«Վենետիկն էլ է արդեն ընդունում, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա». Գևորգ Պետրոսյանը՝ Ջիանի Բուքիքիոնի հայտարարության մասին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ-ի շուրջ իրավիճակի հետ։

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ծանոթանալով այդ հայտարարությանը՝ կոշտ դրսևորումների տպավորություն է ստացել:

«Իրենց սովորության համաձայն, այնպես չէ, որ իրենց տեքստերը համարում են վիրավորական, բայց մենք այստեղ ավելի շատ պետք է փորձենք հասկանալ ենթատեքստը: Քանի որ այնտեղ իսկապես կար կոպիտ գնահատական, ինչը չի բխում Հայաստանի հեղինակության շահերից, ինչն ակներև է և հակառակ կարծիքը չեմ կարող կիսել: Մենք պետք է ուշքի գանք և փորձենք առաջին հերթին շեշտը դնել տնտեսական հեղափոխության, սոցիալական արժեքների հեղափոխության վրա»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունում կոշտ գնահատականն այն է, որ փաստորեն ընդունում են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակում քաղաքական տարր կա:

«Այո, Վենետիկն էլ է արդեն ընդունում, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա: Իմ հարցազրույցներում, երբեք նման պնդումներով հանդես չեմ եկել, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա, բայց արդեն ժամանակն ու տարածությունը տանում են այդ համոզմանը: Պետք է ուշքի գանք, այդ ձերբակալություններով ու կալանավորումներով ի՞նչի ենք հասնելու: Մի քանի անգամ արդեն ասել ենք, որ դրանով մենք հիասթափություն ենք առաջացնում այն ներդրողների մոտ, որոնք Հայաստանում ցանկանում են տնտեսական ծրագրեր իրականացնել»,- շեշտենց նա:

Նրա բնորոշմամբ՝ արդեն ժամանակն է, որ դադարեն ժողովրդին շոուներով կերակրել, քանի որ այդ ամենն անարդունավետ և կարճաժամկետ քայլ է:

Նա իրավապահ մարմիններին ու իշխանություններին կոչ արեց մտածել ժողովրդի խնդիրների մասին, քանի որ արդեն մինչև «կոկորդները կուշտ» են ձերբակալություններից, «պատերին ծեփելուց» ու «ասֆալտին փռելուց»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս