Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ողջունելով «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի բոլոր մասնակիցներին, նշել է, որ ոլորտն ունի առանձնակի դերակատարություն եւ նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար:
«Կրթության ոլորտը, իր առջեւ դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաեւ մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Այդ իսկ պատճառով ոլորտն ունի առանձնակի դերակատարություն եւ նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար: Հայ ժողովուրդը եւ նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով: Մեր հայրենակիցները գիտության տարբեր ասպարեզներում հասել են մեծ բարձունքների, ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այդ ներուժի բացահայտումը, զարգացումը եւ կիրառումը պահանջում են համակարգված աշխատանք, սերտ փոխգործակցություն մայր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, տարբեր երկրների գիտա-կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատում եւ խորացում, առաջատար փորձի կիրառում:
Այս տեսանկյունից կարեւոր ու պահանջված է գիտական համաժողովների, սեմինարների եւ քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը եւ համապարփակ ձեւով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ եւ անհատական հարթություններում: Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ եւ մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Հաջողություններ եւ ամենայն բարիք բոլորիդ»,-ասված է Բակո Սահակյանի ուղերձում: