Աշոտ Ղուլյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։
«Ընդունվեց բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից և ոչ միայն երեկ։ Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու և նահանգ առ նահանգ առաջ գնալու մարտավարությունը չէր կարող չհաջողել: Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումը վեր է քաղաքական շահարկումներից. դրանք պետք է դատապարտվեն՝ նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար։ Երախտագիտություն եմ հայտնում բանաձևի հեղինակ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ կոնգրեսական Ադամ Շիֆին, համահեղինակներին, արդարությանը կողմ քվեարկած բոլոր 405 կոնգրեսականներին՝ կեղծիքի և ժխտման դուռը փակելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուներին, հայ համայնքին՝ համախմբվելու և համահայկական օրակարգի հարցերն առաջ տանելու համար։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք»,-նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: