«Սիրիայում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են համագործակցել, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ ոչ». փորձագետ
«Սիրիական զարգացումներն ամբողջությամբ չեն թևակոխել կարգավորման փուլ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին:
Ըստ նրա՝ ողջունելի է Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների փաստը, Միացյալ Նահանգների նախագահի համապատասխան դիրքավորումն այս պայմանավորվածությունների հարցում: Սակայն, նրա գնահատմամբ՝ շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպես Թուրքիան կվերադառնա իր նախնական դիրքեր, այսինքն՝ թուրք-սիրիական սահման:
«Ինչպես հայտնի է, Թուրքիան գործում է նոր սահմանի պայմաններում, սակայն, եթե որոշ ժամանակ անց չվերադառնա նախկին դիրքեր՝ պահպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պայմանավորվածությունները մյուս խաղացողների հետ, կլինեն նոր զարգացումներ Սիրիայում: Կարծում եմ՝ պետք է որոշ ժամանակ սպասել՝ հասկանալու համար, թե Սոչիում որքանով են խորքային պայմանավորվածություններ ձեռք բերվել, և որքան տևական ու կայուն կլինեն դրանք: Այլապես ներկայումս դեռ կարող է տպավորություն ստեղծվել, որ այս փուլում պարզապես խնդիր լուծվեց, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք ներկայիս տեսքով կիսատ են ու լի բազում ռիսկերով»,- նման կարծիք հայտնեց Ստյուարտը:
Խոսելով սիրիական զարգացումների ազդեցությունից հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների վրա, Ստյուարտն ասաց, որ տարածաշրջանի երկրների հարաբերություններն այնքան փոխկապակցված ու բարդ են, որ, բնականաբար, լարվածությունը Սիրիայում անդրադառնում է բոլոր ուղղություններով իրավիճակի վրա՝ նոր ռիսկեր առաջացնելով բոլոր երկրների համար:
«Խոսքը միայն Հայաստանի, ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին չէ: Սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տարի, սիրիական հարցի վրա տարբեր երկրների միջև հարաբերություններ են փոխվել՝ լարվել կամ ընդհակառակը, սակայն դա չի ունեցել ուղիղ ազդեցություն այլ գոտիներում այդ երկրների հարաբերությունների վրա: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ներկայումս ևս լարված են, բայց զարմանալին այն է, որ ներկայիս միջազգային հարաբերություններն այնքան ճկուն են, պատեհապաշտ, որ Սիրիայում համագործակցությունը կարող է բացարձակ որևէ կապ չունենալ ՌԴ-ԱՄՆ գլոբալ առճակատման վրա: Այս փուլում հարկավոր էր Սիրիայում համագործակցել և կանգնեցնել Թուրքիայի ռազմական հավակնությունների «ընթացքը», և դա արվեց: Այսինքն՝ միանշանակ գնահատականներ հնչեցնելն ավելի ու ավելի բարդ է դառնում: Սիրիայում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են համագործակցել, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ ոչ: Այսպիսին են այսօր միջազգային հարաբերությունները»,- ասաց նա: