
Միլիոնավոր դոլարների զենքի վաճառքի չեղարկման գործով ՔԿ-ում հարցաքննվել է ORSIS ընկերության տնօրենների խորհրդի անդամը

Ռուսական ORSIS ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովը Քննչական կոմիտեում միլիոնավոր դոլարների զենքի վաճառքի մրցույթի չեղարկման գործով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր հարցաքննվել է:
3,5 ժամ տևած հարցաքննությանը մասնակցելու խնդրանքով ՔԿ-ին դիմել էր ինքը՝ Ամիրովը: Դեռ 20 օր առաջ նա դիմել էր Քննչական կոմիտեի նախագահին՝ խնդրելով իրեն հրավիրել հարցաքննության ORSIS-Պաշտպանության նախարարություն քրգործով:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։
Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել է, նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընկերությանը «սև ցուցակում» ընդգրկելու համար, իսկ ORSIS ընկերությունից էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ