Բաժիններ՝

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ցուցահանդեսի անցկացումը կարևոր հարթակ է նոր համագործակցությունների ձևավորման և երկարաժամկետ զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներն են, որ երկխոսելու հնարավորություն են ստեղծում։ Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կծառայի նպատակին, կունենա շարունակական բնույթ և կստեղծի զարգացման նոր հիմքեր։

Տիգրան Խաչատրյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը, զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։

Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսություն, ինչպես նաև նոր գործընկերների և իրացման նոր շուկաների որոնումը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան հարյուր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը՝ ոգելից խմիչք, բնական հյութեր, հանքային ջուր, մսամթերք և կաթնամթերք, յուղ և ձեթ, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված միրգ և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս