«Նիկոլ Փաշինյանի սկսած խաղի վտանգավոր հետևանքները…»
Քաղաքագետ Ռոբերտ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի սկսած խաղի վտանգավոր հետևանքները…
Արցախի անկախ հանրապետության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած խաղը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար:
Միջազգային իրավունքով սահմանած ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում Արցախի ժողովուրդը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը: Այդ թվականից հետո Արցախի հանդեպ Հայաստանի ցուցաբերած հովանավորությունն ու աջակցությունը տեղավորվելով երկու անկախ պետությունների միջև բնական հարաբերությունների սահմաններում, անկախ Ադրբեջանի կամքից ու պնդումներից, զերծ են մնացել միջազգային ցանկացած արձագանքից:
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստանի մարզ, իսկ նրա նախագահին մարզպետ կոչելով ու վերջին քայլով պաշտոնական հանդիպումից հանելով Արցախի դրոշը, փաստորեն Հայաստանի ու Արցախի միջև միջպետական հարաբերությունները իջեցնում է կենտրոնական իշխանության (կառավարության) և երկրի մարզերից մեկի միջև հարաբերությունների:
Որքան էլ որ տարօրինակ թվա, միջազգային իրավունքի դիտանկյունից սա կարող է Հայաստանի կողմից Արցախի տարածքի օկուպացիա համարվել, որի մասին արդեն երեք տասնամյակ է ինչ հավակնում է Ադրբեջանը և որի դեմ պայքարել են Հայաստանի ու Արցախի իշխանությունները:
Տարածքների օկուպացմանը միջազգային հանրությունը չափազանց կոշտ է արձագանքում, ընդհուպ օկուպացիայի ենթարկված երկրին օժտելով իր տարածքները բռնի ուժի կիրառմամբ հետ ստանալու իրավունքով: Կարծում եմ բոլորի հիշողության մեջ թարմ է թե միջազգային հանրությունն ինչպես արձագանքեց Ղրիմը Ռուսաստանի տարածքին կցվելուն և միջազգային ինչպիսի սանկցիաներ կիրառվեցին Ռուսաստանի դեմ:
Դժվար կարող եմ հավատալ որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ իր սկսած խաղի վտանգավոր հետևանքների մասին կամ նրա շրջապատում չկան Արցախի հիմնահարցի մանրամասնություններին ու միջազգային իրավունքին ծանոթ խորհրդատուներ:
Հետևաբար՝ հնարավոր է, որ այս ամբողջն իրականացվում է նախապես մանրակրկիտ կերպով մշակված սցենարի համաձայն, որն ի դեպ համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ: Նման պայմանավորվածության գոյության մասին Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձել է հոկտեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Սկզբնական փուլում հարցականի տակ է առնվում Արցախի անկախ հանրապետություն լինելու փաստը: Հաջորդ փուլում հայրենասիրական կեղծ կոչերի գեղեցիկ կաղապարում փորձ է կատարվելու Արցախը ներկայացնել որպես Հայաստանի մարզերից մեկը, ինչը Հայաստանի վարչապետին թույլ կտա ոչ միայն Արցախի անունից մասնակցել բանակցություններին այլ հետագային այդ կապակցությամբ որոշումներ ընդունել:
Սցենարի վերջին արարում հնարավոր է արդեն մարզի կարգավիճակ ստացած Արցախի ինքնիշխանությունը փոխանակել արևմուտքի կողմից խոստացված ներդրումների և տարածաշրջանային խոշոր նախագծերին Հայաստանի մասնակցության հետ:
Ի դեպ, վերջին տարիներին նման ձևաչափով տարածքների զիջման միջազգային փորձ գոյություն ունի:
Երկու տարի առաջ Եգիպտոսի խորհրդարանը վավերացրեց այդ երկրին պատկանող «Թիրան» և «Սանաֆիր» կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելու մասին համաձայնագիրը: Հիշենք, որ 2013 թվականին Եգիպտոսի բանակի կողմից իրականացված հեղաշրջման ժամանակ Սաուդյան Արաբիան իր աջակցությունն էր ցուցաբերել հեղաշրջման ղեկավար գեներալ Աբդոլֆաթահ ալ-Սիսիին»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԿՍԱԾ ԽԱՂԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸԱրցախի անկախ հանրապետության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած…
Gepostet von Robert Markarian am Dienstag, 15. Oktober 2019