ԱՄԷ դեսպանը բարձր է գնահատում Հայաստանի սպորտային բժշկությունն ու բժշկական զբոսաշրջությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին: Նրանք  քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները:

Դեսպանը ներկայացրել է 2 երկրի համագործակցության ձեռքբերումները և փոխանցել, որ ԱՄԷ-ի առողջապահության նախարարը պատրաստ է ընդլայնել փոխգործակցության շրջանակները: Նա առաջարկել է համագործակցության նոր հուշագիր ստորագրել, որը սկիզբ կլինի նոր հարաբերությունների:

Մուհամմադ ԱլԶաաբին բարձր է գնահատել Հայաստանի սպորտային բժշկությունն ու բժշկական զբոսաշրջությունը և ցանկություն հայտնել այդ ուղղություններով ծրագրեր մշակել: Նա նաև ներկայացրել է ԱՄԷ-ի բժշկական ապահովագրության սկզբունքները:

Կողմերը քննարկել են Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների հնարավորությունները, որոնք թույլ կտան տեղական արտադրության դեղերն արտահանել` ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ շուկաներ:

Արսեն Թորոսյանն առաջարկել է թարմացնել գործող համաձայնագիրը` ընդլայնելով համագործակցության ոլորտները, մշակել բժշկական զբոսաշրջության զարգացման, ուսանողների, բուժքույրերի և, առհասարակ, փորձի փոխանակման ծրագրեր:

«Ուրախ կլինեմ, որ կարողանանք մեր պետական հարաբերություններն օգտագործել Աբու Դաբիի Քլիվլանդ կլինիկայի նման որակյալ ներուժը Հայաստանում օգտագործելու համար», – ասել է Արսեն Թորոսյանը:

Մուհամմադ ԱլԶաաբին ԱՄԷ-ի առողջապահության նախարարի ողջույնն է փոխանցել Արսեն Թորոսյանին, որը գլխավորել էր ցեղասպանության 100-ամյակի արարողությանը ժամանած ԱՄԷ պատվիրակությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս