«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նրա հետ խոսել եմ». Ալեն Սիմոնյան
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նրա հետ խոսել եմ, բայց կարող եմ ասել, որ աշխատել եմ մանրամասների մեջ չխորանալ, քանի որ այդ ժամանակաշրջանում դա ճիշտ չեմ համարել: Այսքանով կբավարարվեմ իմ շփումների մասին պատմելուց»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնանակությունից հետո արված հայտարարությանը:
Հարցին՝ չէ՞ որ Արթուր Վանեցյանը լուրջ մտահոգությունների մասին էր բարձրաձայնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նա կարող էր մտահոգությունների մասին բարձրաձայնել, իսկ ինքը՝ մանրամասների մեջ չխորանալ: «Այդպես լինում է»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջներին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր ֆուտբոլը մեկ քայլ առաջ է արել:
«Սա ճանապարհ է, որը մեր ֆուտբոլը պետք է անցնի, չեմ ուզում դա կապել անձերի հետ, քանի որ ես ինքս հանդիսանում եմ Ֆեդերացիայի գործկոմի անդամ: Մարզիչն այսօր հրաժարական տվեց, մենք կքննարկենք ու կտեսնենք, թե որտեղ է եղել սխալը: Դուք տեսաք, որ վերջին խաղում մեր հիմնական խաղացողներից Հենրիկ Մխիթարյանը բացակայում էր, որը խաղային ու հոգեբանական առումով թողել է իր ազդեցությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Զվարթ Խաչատրյան