
«ՍԴ-ում եղած ճգնաժամը լուծվելու է՝ Հրայր Թովմասյանը ուզի՞, թե՞ ոչ». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում այն մարդիկ, որոնք օրենք չեն խախտել, վախենալու ոչինչ չունեն, խոսքը վերաբերում է՝ ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, այնպես էլ՝ բոլոր քաղաքացիներին:
Նրա խոսքով՝ տարօրինակ ոչինչ չկա, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Հրայր Թովմասյանի հայրական տանը:
«Իրավապահները գործում են իրենց լիազորությունների և ժամկետների սահմանում, թե այդ ժամկետներն ով ինչի հետ կկապի, սա արդեն անհատական խնդիր է: Օրինակ, երբ Գագիկ Խաչատրյանի հետ կապված քրեական գործ հարուցվեց, ասում էին, որ դա անում են Ամուլսարի թեմայից շեղելու համար»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ երբ դիմում էին Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, ենթադրում էին, որ կարող են լինել տարբեր ելքեր՝ սկսած նրանից, որ կարող էր նախագիծը վարույթ չընդունվել:
«Ակնհայտ է, որ Հայաստանում կա ճգնաժամ, և դատական ճգնաժամը ՀՀ քաղաքացիների կողմից ընդունվում է, և կարող եմ ասել, որ այդ ճգնաժամը միանշանակ լուծվելու է՝ Հրայր Թովմասյանը ուզի՞, թե՞ ոչ: Հրայր Թովմասյանի ուզելով չէ, ՀՀ-ում կա օրենք, ժողովրդավարություն, օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Ով ինչ ուզում է՝ թող ասի, Սերժ Սարսյանն էլ էր ասում, որ մինչև 2030 թվականը մնալու է՝ չմնաց»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է նախագիծը ՍԴ դատավորների կողմից մերժելուն, Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա եղած ճգնաժամի ապացույցներից մեկն է, ուստի վստահեցնում է՝ այդ ճգնաժամը լուծվելու է հօգուտ Հայաստանի ժողովրդի՝ օրենքի շրջանակներում:
«Մնացածին խորուրդ կտամ անիմաստ գործողություններով աչքի չընկնել, քանի որ այդ գործողություններն անիմաստ են»,- հավելեց նա:
Հարցին՝ արդեն քննարկե՞լ են, թե ինչ գործողություններ պետք է լինեն հետագայում, Ալեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց, սակայն չասաց, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:
Զվարթ Խաչատրյան
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի