«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխման հարցն օրակարգում է». Նարեկ Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դիլիջանից «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի տեղափոխման հարցն օրակարգում է:
«Քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատում ենք նոր վարժարանի շենքի ուղղությամբ, երբ վերջնական որոշում լինի, կտեղեկացնենք մամուլին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համար կառուցված շենքը նախատեսված է եղել՝ որպես հյուրանոց և առողջարան: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ այս կառույցը 2016-2017 թվականներին՝ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք, որոշվեց հանձնել Պաշտպանության նախարարությանը:
Դեռ ամիսներ առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել էր, որ վարժարանն ամբողջությամբ չի օգտագործում այդ շենքը: «Կա այնտեղ հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է: Կա 9 հատ երկհարկանի հյուրանոցային քոթեջ՝ առաջին հարկում՝ խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, վերևի հարկերում՝ երեք ննջասենյակներ: Դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքը և սպորտ համալիրը: Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են վարժարանի սաների կողմից»,- ասել էր Նարեկ Բաբայանը:
Հարցին՝ արդյոք արդեն գնորդ փնտրվո՞ւմ է Դիլիջանի շենքի համար՝ Բաբայանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ առայժմ ակտիվ չենք աշխատում, քանի դեռ մեր մասը չենք կատարել»:
Հավելենք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում ստուգումներ է սկսել: 11 օր առաջ արդյունքների վերաբերյալ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունից հայտնեցին, որ հաշվեքննությունը դեռ ավարտված չէ:
Այսօր մեզ հետ զրույցում ՀՀ hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանն ասաց, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում հաշվեքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Մարիամ Պետրոսյան