«Գռեհիկ, վուլգար երկակի ստանդարտների քաղաքականություն է հիմա». Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վստահ է, որ այսօր առկա իրավական խնդիրներին իրավական արագ լուծումներ տալ հնարավոր չի:
«Գռեհիկ երկակի ստանդարտների քաղաքականություն է հիմա»,- վստահ է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ իշխանություններն այդ երկակի ստանդարտը կիրառում են՝ «ի՞նչ է ուզում իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանը» և «ի՞նչ չի ուզում Նիկոլ Փաշինյանը» չափանիշերին համապատասխան:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազը լավն է, քանի որ անում է այն, ինչ ուզում է իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը: Նույնն է Բարձրագույն դատական խորհրդի դեպքում: Հենց նույն չափանիշերին համապատասխան՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վատն է, որովհետև չի առաջնորդվում Նիկոլ Փաշինյանի ու իշխանության նշած կարգավորումներով:
Ա. Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այսօր քննարկումների կամ գրառումների ձևով է արտահայտում իր մտահոգությունները, որովհետև մտահոգությունները հայտնելու այլ եղանակներ չունի ու բնավ իշխանության չի ձգտում:
Նա կարծում է, որ այսօրվա իշխանությունն անցնում է բարոյականության սկզբունքների վրայով, ու աստիճանաբար թիրախավորվելու դեպքում՝ շատերը կսկսեն խոսել այդ մասին:
Նա իրավական ներկա մարտահրավերները լուծելու 3 մակարդակ է տեսնում՝
1. Պետության ղեկավարի գիտակցում,
2. Հասարակության գիտակցում, որ այսօրվա խնդիրներն արդեն նախկինների ու ներկաների հակամարտություն չեն,
3. Գիտակից քաղաքացիների համայնքի համապատասխան արձագանք:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ