ԱԺ աշխատանքային խումբն առաջարկում է նվազեցնել կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների թիվը

ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները քննարկելու արդյունքում կազմել է բարեփոխումների հայեցակարգ: Դրանում ի թիվս այլ բարեփոխումների, առաջարկվում է նաև  կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների նվազագույն թիվը նվազեցնել՝ 800-ի փոխարեն սահմանելով 300:

«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անկախ փորձագետ, սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը:

Նրա կարծիքով՝ կուսակցությունների ստեղծման, գրանցման և արգելման հետ կապված հարցերն ամենակարևորն են: Մազմանյանի համոզմամբ՝ բարեփոխումների փիլիսոփայությանը բնորոշող բառն ազատականացումն է: «Գործող օրենքը, որն ընդունվել է Սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում՝ 2016-ին, այս առումով ևս որոշակի ազատականացում արձանագրել է: Սակայն աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում հանգեցինք նրան, որ ազատականացման տեղ դեռ կա:

Կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ անդամների թիվն այսօր նախատեսված է 800: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, նաև միջազգային չափանիշները պահանջում են, որ այդ թիվը հնարավորինս ցածր լինի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներում այս թիվը շատ ավելի քիչ է»,-ասաց Մազմանյանը:

Նա, մասնավորապես նշեց, որ Ֆրանսիայում ընդամենը 3 հոգի է պահանջվում քաղաքական կուսակցություն ստեղծելու համար, իսկ Ռուսաստանում՝ 500 հոգի: Հայաստանում աշխատանքային խումբն առաջարկել է անդամների թիվն իջեցնել մինչև 300-ի:

Գործող կարգավորումներով կուսակցություններից պահանջվում է գրանցված տարածքային ստորաբաժանումներ ունենալ Երևանում և մարզերում: Աշխատանքային խումբը հանգել է նրան, որ տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջն այդքան էլ ակտուալ չէ՝ հաշվի առնելով ժամանակակից հաղորդակցության միջոցները, հաշվի առնելով, որ տեխնոլոգիաների առկայության դեպքում մարդիկ երբեմն շատ ավելի արդյունավետ են աշխատում տնից: Այսպիսով` աշխատանքային խումբն առաջարկում է ստորաբաժանումներ ունենալու պահանջն օրենքից հանել:

Մազմանյանը նկատեց՝ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների համար կարևոր է տարածքներում ներկայություն ունենալ: Այս նկատառումից ելնելով առաջարկել են, որ ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին կառավարությունը ամեն մարզում տրամադրի գրասենյակ:

Ներկայում կուսակցությունների գործունեության կասեցումը կարող է տեղի ունենալ միայն ՍԴ-ի որոշմամբ: «Կուսակցությունների մասին գործող օրենքը նախատեսում է կասեցման երկու հիմք՝ օրենքի կոպիտ խախտման հիմքը և համապետական 2 և ավել ընտրություններին չմասնակցելու հիմքը: Աշխատանքային խումբը գտել է, որ գործող օրենքում տրված կոպիտ խախտումը հասկացությունը բավականին լայն է, և կարող է որպես մահակ օգտագործվել կուսակցությունների դեմ, և փորձագիտական խումբը ստանձնել է պարտավորություն՝ շտկել այդ սահմանումը, տալ ավելի որոշակի սահմանում»,-ասաց Մազմանյանն ու հավելեց՝ առաջարկել են հանել երկրորդ հիմքը:

 

Տեսանյութեր

Լրահոս