Բաժիններ՝

Ուսանողների խնդրանքին չընդառաջեցին. ԵՊՀ շուրջ 200 ուսանող դուրս է մնացել համալսարանից

Ուսանողներին երրորդ լուծարք հանձնել չթույլատրեցին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պատվական Մարգարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ ավելի քան 200 ուսանող դուրս է մնում համալսարանից, քանի որ, իրենց իսկ խոսքով՝ չեն իմացել երրորդ լուծարքի անհնարինության մասին: Թեև մեր զրուցակից Պատվական Մարգարյանը որևէ լուծարք չունի, բայց որոշել է օգնել ընկերներին:

«Բոլորը դուրս մնացին համալսարանից, ոչ ոք ոչ մեկի հետ չխոսեց: Նույն անտարբեր դրությունն է, ուսանողների կարծիքը, խնդրանքն անտեսվեց»,- ասաց Պատվական Մարգարյանը:

Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսանողները հոկտեմբերի 3-ին ակցիա էին կազմակերպել, հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ և հայտնել, որ դուրս են մնում այն պատճառով, որ ո՛չ իրենք, ո՛չ դասախոսները չեն իմացել, որ 3-րդ լուծարք չի թույլատրվում:

Գեղամ Գևորգյանն ասել էր՝ խնդիրը լուծելն իր լիազորությունների սահմանում չէ, ուսանողները գնացել էին ԿԳՄՍՆ:

Նրանց հետ հանդիպել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը՝ ասելով, որ քննարկելու բան չունեն, հարցը փակված է: Ուսանողները հանդիպել էին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով խոստացել էր, որ կուսումնասիրի խնդիրը և կխոսի նախարարի հետ:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասել էր, որ երրորդ լուծարք թույլ չտալու մասին օրենքը գործում է 2013-ից, և, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուսանողները նման ակցիա  են անում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս