
Գորան Բրեգովիչի սպասված երևանյան համերգը կայանալու է նոյեմբերի 24-ին

Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի երևանյան համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում:
Երաժշտի համերգը կայանալու է նոյեմբերի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին նա ժամանելու է իր նվագախմբով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարություն է տարածել համերգային երեկոյի կազմակերպիչ AVM production-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ գնված տոմսերն ուժի մեջ են:
Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտի, որի ստեղծագործությունները հաճախ խճճում են երաժշտասերներին, իսկ նրա կերպարը լի է գաղտնիքներով:
Դպրոցական տարիներին նրան հեռացրել են երաժշտական դպրոցից` պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Պատանու կյանքն ամբողջությամբ փոխվել է, երբ մայրը նրան կիթառ է նվիրել: Պատերազմը Բրեգովիչի կյանքը բաժանել է երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին, ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը: