Այս պայմաններում ի՞նչ հույսով պետք է մարդն իր գումարները ներդնի տնտեսության մեջ

«Աղքատության հաղթահարման միջոցը մարդկանց քաջալերելն է, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն»,- «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ասածը, իհարկե, նոր բան չէ։ Ըստ էության, այդ գաղափարախոսությամբ էլ կառավարությունն առաջնորդվում է իշխանափոխությունից հետո։ Այլ խնդիր է, թե դա մինչև հիմա ի՞նչ արդյունք է տվել։

Իրականությունն այն է, որ հասարակությունը իշխանափոխությունից հետո նույնքան վատ է ապրում, որքան նախկինում։ Ու չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ կոչ է անում մարդկանց իրենց գլխում հաղթահարել աղքատությունը, դրանից աղքատությունը չի հաղթահարվում։ Պարզ է, որ չի էլ կարող հաղթահարվել։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց իրական եկամուտները չեն ավելանում կամ այնքան չեն ավելանում, որպեսզի փոխեն սոցիալական վիճակը։

Որպեսզի հնարավոր լինի աղքատությունը հաղթահարել, պետք է ոչ թե մարդկանց քաջալերել, այլ պայմաններ ստեղծել եկամուտներն ավելացնելու համար։ Այս ընթացքում կառավարությունը շատ բան չի արել դրա համար։

Եթե վարչապետին թվում է, թե շուկաներ մուտքի դյուրացումը բավարար է, որպեսզի մարդիկ բիզնես ստեղծեն և ոտքի կանգնեն, ապա չարաչար սխալվում է։ Անգամ, եթե ընդունենք, որ շուկաներ մուտքի հետ կապված խոչընդոտներ այլևս չկան, դա դեռ չի նշանակում, թե բիզնեսը կարող է այնտեղ ազատ գործել։ Եվ այն, որ բոլորին տրված է ցանկացած շուկայում գործելու հնարավորություն, ինչպես վարչապետն է ասում, դա ամենևին էլ խնդիրը չի լուծում։

Շուկան Հայաստանում գերկենտրոնացված է։ Այդ առումով իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, ոչինչ էլ չի փոխվել։ Այն տիրապետել ու տիրապետում են հիմնականում շատ սահմանափակ թվով ընկերություններ։ Նորերի մուտքն այստեղ գուցե հեշտացել է, բայց միայն մուտքը չէ։ Մուտքից հետո դեռ պետք է հաստատվել։ Իսկ հաստատվելը շարունակում է նույնքան դժվար, եթե ոչ՝ գրեթե անհնարին  լինել։

Պատճառները բազմազան են։ Տարիներ շարունակ այդ շուկաներում ձևավորվել են խոշոր ընկերություններ, որոնք ստեղծել են նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ` իրենց բիզնեսի սպասարկման համար։ Հիմա որքան էլ նոր ձևավորվող բիզնեսը ցանկանա, անհնարին է պատկերացնել հավասար մրցակցային հարաբերություններ այդ շուկաներում։ Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ են վարչական մեխանիզմներ։ Իսկ ո՞վ պետք է ստեղծի այդ մեխանիզմները, եթե ոչ՝ կառավարությունը։

Ահա այդ խնդիրն է, որը պիտի լուծել։ Դա ոչ թե քաղաքացու կամ բիզնեսի, այլ կառավարության լուծելիք խնդիր է։

Հարց է առաջանում, ի՞նչ է արել իշխանափոխությունից հետո կառավարությունն այն լուծելու համար։ Պատասխանը միանշանակ է` ոչինչ էլ չի արել։

Բիզնես սկսելու ճանապարհին քաջալերելը, թերևս, ամենաքիչ և ամենահեշտ բանն է, որը կարող էր անել կառավարությունը քաղաքացու համար։

Քաջալերելուց առաջ լավ կլիներ, որպեսզի կառավարությունը մտածեր նախ՝ բիզնեսի ֆինանսական ապահովվածության բարձրացման մասին։ Խոսքը այն թանկ վարկային փողերի մասին չէ, որոնք գուցե և կան Հայաստանի բանկային համակարգում, խոսքը մատչելի գումարների մասին է։ Այն վարկային գինը, որը կա Հայաստանում, բավական է, որպեսզի ի սկզբանե նորաստեղծ բիզնեսը մտնի ռիսկային գոտի։

Այնպես չէ, որ իշխանափոխությունից հետո վարկային կապիտալը մեր երկրում շատ է էժանացել։ Խոսքը չնչին փոփոխության մասին է, որը էական դեր չի խաղում բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում։ Պարզ չէ, երբ փող չկա, չի կարող խոսք լինել նաև բիզնեսի մասին։

Ինչ մնում է խնայողական կապիտալին, որն իսկապես կարող էր վերածվել ներդրումների, ապա կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի այն քնած էլ մնա։ Բիզնեսը կայունություն և կանխատեսելիություն է սիրում, իսկ այսօր քչերն են Հայաստանում վստահ, որ բիզնեսի համար այդքան կարևոր այդ երկու պարամետրերը վաղը լինելու են։ Այսօր էլ դրանք չկան։

Այդ պայմաններում ի՞նչ հույսով մարդը պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ կամ բիզնես ծրագիր իրականացնի։ Պատահական չէ, որ շատերը գերադասում են շառից-փորձանքից հեռու տարբերակը։ Ու փողը գնում է բանկեր` դառնալով թանկ վարկային կապիտալ։

Չնայած շուտով, երբ կառավարությունը կիրագործի իր մտահղացումը և բանկային գաղտնիքը կհանի ջրի երես, այն դարձյալ կվերադառնա վերմակի տակ։ Այնպես, ինչպես հին, բարի ժամանակներում էր։

Քանի դեռ կառավարությունը չի գիտակցել այս պարզ ճշմարտությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իր բաժին բեռը վերցնելու ուղղությամբ, բիզնեսը Հայաստանում զարգանալու հեռանկարներ չունի։ Թե չէ քաջալերել, ով էլ ասես, կարող է։ Քաջարելելուց առաջ դեռ շատ բան կա անելու, որը կառավարությունը պարտավոր է անել, եթե իսկապես ուզում է` մարդիկ բիզնես ստեղծեն ու ոտքի կանգնեն։

Մինչ փոքր բիզնեսի ոլորտում այսօր շատ բան կա անելու, որը այդպես էլ չի արվում, կառավարության ղեկավարը սկսել է խոսել մեգանախագծերի մասին։ Ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա, ասում է Նիկոլ Փաշինյանը։

Գաղափարը, անշուշտ, ողջունելի է։ Բայց դեռ ինչքան ժամանակ պիտի պահանջվի նման նախագծեր ստեղծելու, հետո էլ՝ իրականացնելու համար։ Լրանում է իշխանափոխության երկրորդ տարին, իսկ կառավարությունը նոր հիշում է, որ կարելի է մտածել նման նախագծերի մասին։ Եթե դա պիտի արվի այն տեմպերով, ինչ տեմպերով արվում են մյուս «հեղափոխական» ծրագրերը, ապա հասարակությունը սպասելու դեռ շատ ժամանակ կունենա։

Արդեն տարիուկես է, ինչ կառավարությունը խոսում է տնտեսական բարեփոխումների մասին, վարչապետը պարբերաբար հայտարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, իսկ դրանց ծիլերը չեն երևում։ Պատահական չէ աճի այն մեղմ հեռանկարը, որն ունի Հայաստանի տնտեսությունը առաջիկա տարիների համար։ Նման հեռանկարի պայմաններում անիմաստ է խոսել կտրուկ զարգացումների մասին։ Այդ թվում` նաև հասարակության սոցիալական վիճակի բարելավման առումով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս