Բաժիններ՝

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիքների տրամադրման համար

Վենետիկում հոկտեմբերի 11-ին մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։

Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։

Հաջորդիվ, նախարար Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով կարծիք տրամադրել «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Լիագումար նիստի ընթացքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Հանձնաժողովի հետ կարծիքներ է փոխանակել Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։

Հանձնաժողովի հրավերով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Արդարադատության նախարարն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին և ԵԽ Գլխավոր տնօրինությանը՝ Հայաստանի կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության և կարծիքների տրամադրման համար։

Նախարար Բադասյանը Հանձնաժողովին տեղեկացրել է Կառավարության բարեփոխումների օրակարգի մասին՝ նշելով, որ հենց հոկտեմբերի 10-ին հաստատվել է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն ու Գործողությունների ծրագիրը, իսկ նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա գործողությունների ծրագիրը։

Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նախարարության համար կարևոր է, որ Հանձնաժողովը միանշանակ դրական է գնահատել ձեռնարկված բարեփոխումների օրակարգը, իսկ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ կարծիքում մասնավորապես նշվել է, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից պատրաստված կարծիքը շատ կարևոր է բոլոր անդամ պետությունների համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով անկողմնակալ մասնագիտական կարծիք տրամադրող կառույցն է։

Հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը ողջունել ու Հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել, որ հայաստանյան դատական և իրավական բարեփոխումների մշակմանը ներգրավված է նաև Եվրոպական միությունը և ուրախությամբ նշել, որ այդ ռեֆորմները միտված են դատական համակարգի անկախությունն ու հաշվետվողականությունն ապահովելուն՝ հիմք ընդունելով եվրոպական ստանդարտները։

Ամփոփելով կարծիքը՝ Հանձնաժողովը նշել է, որ Նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների և թե՛ միջազգային գործընկերների հետ։

120-րդ լիագումար նիստին Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ Սահմանադրության վրա Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ կարծիքը։

Հանձնաժողովի կողմից կարծիքները հրապարկվելուց հետո նախարարությունն առավել մանրամասն կանդրադառնա դրանց բովանդակությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս