Բաժիններ՝

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների միջև կապերն ընդլայնելու նպատակով Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի 16-20-ը:

Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հետ Ֆրանկֆուրտ կմեկնեն «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Էդիթ պրինտ», «Սբ Էջմիածին», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Առաջին» գրական գործակալությունը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը (որով նախարարությունն աջակցում է արտերկրի հրատարակչություններին՝ հայ դասական և ժամանակակից գրականություն հրատարակելու համար), տեղի կունենան շնորհանդեսներ, քննարկումներ:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցող հանդիպումները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ճանաչելի դարձնելու քաղաքականությունը միտված է խթանելու հասարակության ստեղծագործական ներուժի դրսևորումը, գրական դաշտի օղակների հավասարաչափ զարգացումը, գրական-մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և հանրահռչակումը, ոլորտում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս