ԱՄՆ-ում հայտնի հայ փաստաբանները ՄԻՊ աշխատակազմին են ներկայացրել ազատությունից զրկվածի իրավունքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 11-ին դասախոսությամբ են հանդես եկել ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահներ Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնեանը:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բացման խոսքում բարձր է գնահատել Գարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնեանի` ողջ աշխարհում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը:
Նրանք ԱՄՆ-ում հայտնի փաստաբաններ են, ովքեր անմիջական ուշադրության ներքո են պահում նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակը և աջակցում իրավապաշտպան աշխատանքներում:
Գարո Ղազարյանը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրեական գործերով փաստաբանների աշխատանքի առանձնահատկությունները, ազատությունից զրկված անձանց իրավունքները և իրավապահ մարմինների պարտականությունները:
Քննարկվել են ամերիկյան իրավակիրառ պրակտիկայից վերցված կոնկրետ օրինակներ՝ դրանք համեմատելով Հայաստանում ձերբակալության և կալանավորման դեպքերի հետ:
Գառնիկ Քերքոնեանը մանրամասն անդրադարձ է կատարել իրավական ճիշտ վերլուծություն իրականացնելու կանոններին, այդ վերլուծություններում կոնկրետ գործերով փաստերի ու օրենքների օգտագործման պահանջներին: Քննարկվել են փաստաբանի կողմից դատարան ներկայացվող փաստաթղթերի կազմման սկզբունքներն ԱՄՆ-ում, ինչպես նաև փաստաբանի կողմից բողոք կազմելու սկզբունքները:
Հանդիպման ավարտին տեղի են ունեցել ամերիկյան փորձի համադրմամբ քննարկումներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրներով: