ԵՄ-ում անընդունելի են համարել փախստականներին Եվրոպա բաց թողնելու Էրդողանի սպառնալիքները
Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը Լյուքսեմբուրգում հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին:
«Դա օգտագործելը բացարձակապես անընդունելի է»- ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է , որ Եվրամիությունը շատ բան է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հարցում: «Մենք արդեն տրամադրել ենք 90 տոկոս միջոցները 6 մլրդ դոլարից»,- հավելել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարն սպառնացել է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը:
«Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին հայտնել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում:
Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:
Թուրքիան ահաբեկիչներ է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: