Բաժիններ՝

Ալավերդու պղնձաձուլական գործարանի ևս 65 աշխատող մնացել է անգործ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներից շատերը Թեղուտում աշխատանքի են անցել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին աշխատակիցները:

«Աշխատում ենք, իսկ ընդունելությունը դեռ շարունակվում է: Սկզբում ասել էին, որ մոտ 50 հոգու են աշխատանքի ընդունելու, բայց հիմա 50-ից ավելի է, կարելի է ասել, մոտ 100 է: Սա՝ ուրախ լուրը։ Բայց ցավալին այն է, որ աղացագնդերի արտադրամասը, որտեղ  աշխատում էր 65 մարդ, մի քանի օր առաջ փակվել է: Այլևս աշխատող չկա, մնացել են մի քանի հոգի, ովքեր հերթապահում են»,- հավելեցին  պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները:

Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի վերագործարկման հարցին՝ նախկին աշխատակիցները նշեցին.

«Ծրագրեր կան, որ նոր պղնձաձուլարան կսարքեն: Լավն այն է, որ  մասնագետներից շատերը Թեղուտում աշխատանք են ստացել, չեն արտագաղթել, եթե վաղը չէ մյուս օրը պղնձաձուլարանը սկսի աշխատել, աշխատողները տեղում կլինեն, երկրից հեռացած չեն լինի: Հիմա սպասում ենք՝ տեսնենք, թե թալանածն ու կերածը ոնց են ջրի երես հանելու: Այնպես են թալանել, որ Ալավերդին ոնց որ 1945 թվականի պատերազմի ռմբակոծությունից հետո լինի: Հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի, և՛ աշխատողների, և՛ պետության համար լավ կլինի»:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցների խոսքով՝ պղնձաձուլարանի ակտիվներն անցել են «ՎՏԲ-Հայաստան» բանկին,  որից հետո մնացած 300 աշխատակիցներ ամսի 1-ից անգործ են։

««ՎՏԲ-Հայաստան» բանկից ոչ մի լուր չկա։ Անորոշ սպասում ենք»,- հայտնեցին պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս