Բաժիններ՝

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» լավագույն արդյունքներ է գրանցել. Թեհմինա Վարդանյանը չի հավատում

««Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» լավագույնն է արևմտյան Եվրասիայում» վերնագրով հաղորդագրության մեջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում մասնավորապես նշված է, որ Թբիլիսիում վերջերս անցկացված «Կենդանիների առողջության պահպանման» համաշխարհային կազմակերպության արևմտյան Եվրասիայի երկրների 3-րդ կոնֆերանսին 187 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցել է նաև Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը»:

ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե լավագույնն են ճանաչվել, այլ լավագույն արդյունքներ են գրանցել, զիջել են երկու երկրի, ընդամենը երկու ուղղությամբ:

«Մրցույթ չի եղել, որ լավագույնը ճանաչվենք, բայց լավագույն արդյունքները, այո, մենք ենք գրանցել: Զիջել ենք միայն Դանիային՝ կացարաններում պահվող կենդանիների քանակով, և Ուկրաինային ՝ վայրի կենդանիների մասով, մնացած բոլոր առումներով լավագույն ցուցանիշները մենք ենք գրանցել»:

3 ամիս առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց էին տալիս, թե ինչ պայմաններում է գործում ՀՈԱԿ-ը: Ինչպես պատմում էին ավագանու անդամներն ուղիղ եթերում՝ թափառող շների ստերջացման կենտրոնում միջազգային չափանիշերին չհամապատասխանող պայմաններ են գործում: 168.am-ի հարցին ի պատասխան՝  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ չի հավատում  Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվածին:

«Ես ինձ թույլ  եմ տալիս կասկածի տակ դնել այդ ամենը, քանի որ այն, ինչ ես տեսել եմ իմ սեփական աչքերով, որևէ մեկը չի կարող հերքել, այդ ամենը տեսավ նաև հասարակությունը լայվի միջոցով, տեղադրված նկարների միջոցով, սարսափելի պատկեր էր, մթերային սառնարանում դեղորայք էին պահում, մեծ տարայով դրված էին անթիվ-անհամար օգտագործված ներարկիչներ և դեղորայք, որը ուղղակիորեն հակահիգիենիկ է:

Ես չգիտեմ՝ ունի՞ Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը պայմանագիր որևէ ընկերության հետ, որը զբաղվում է վարակիչ թափոնների ուտիլիզացիայով, քանի որ դա սովորական աղբ չէ, և ոչ ոք իրավունք չունի այդ աղբը թափել սովորական աղբանոց: Այն պատկերը, ինչ ես տեսա այնտեղ, անգամ որևէ հեռավոր գյուղում նման պատկեր չէր կարող լինել, որևէ դիմակ, որևէ խալաթ չկար: Այս ամենի պատճառով ես ինձ թույլ եմ տալիս կասկածի տակ դնել այն տեղեկությունը, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» լավագույն արդյունքներ է գրանցել արևմտյան Եվրասիայում:

Ես ուղղակի կարող եմ ծիծաղել այս ինֆորմացիայի վրա: Եթե շաբաթական 100 շուն է ստերջացվում, ինչո՞ւ են քաղաքում շները վխտում, ինչո՞ւ են հարձակվում մարդկանց վրա, և հետո ի՞նչ պայմաններում են ստերջացվում, արդյոք դա 10 տոկոս համապատասխանո՞ւմ է միջազգային չափորոշիչներին: Կենտրոնում նույնիսկ կենդանիների համար կեր չկար, պարոն Բեգոյանը ջղաձիգ շարժումներով ասաց՝ յա, չգիտե՞ք, որ այդ կերը  քաղաքապետարանում է պահվում, չգիտեմ՝ կարող է քաղաքապետի կաբինետում է պահվում, կամ որևէ վարչության պետի  կաբինետում է պահվում, ես քաղաքապետարանում կեր չեմ տեսել»:

Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման իրավիճակ այնտեղ չի եղել, ավագանու անդամները ճիշտ չեն ներկայացրել իրավիճակը:

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության հարգելի անդամները ճիշտ չէին ներկայացնում իրավիճակը: Կենդանիները կլինիկա բերվում են «Ֆորդ» տեսակի մեքենաներով, որոնց մեջ տեղավորվում է 4 վանդակ, դրանք էլ բավականին մեծ են, լավ մեծ վանդակներ են, երբ որսվում են կենդանիները, այո, մեկ վանդակում  մի քանի կենդանի է տեղավորվում, կենդանիները մնում են այդ վանդակներում այնքան ժամանակ, մինչև գալիս հասնում են կլինիկա, կլինիկա բերվելուց հետո պատրաստվում են վիրահատության, որից հետո տեղավորվում են առանձին վանդակներում: Մի քանի կենդանին մի վանդակում մնում են ընդամենը մեկ ժամ»:

Դեռ այն ժամանակ Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենը հայտարարել էր, որ   ՀՈԱԿ-ը գործել է Կենդանաբանական այգու տարածքում մինչև  սեզոնի բացումը, դրանից հետո   ժամանակավորապես տեղափոխվել մեկ այլ վայր՝ օգտագործելով  եղած հնարավարությունները:

168.am-ի հետ զրույցում Արմեն Բեգոյանն ասաց, որ Կենդանաբանական այգու տարածք վերադառնալ չեն պատրաստվում, տարեվերջին կավարտվեն  կենտրոնի շինարարական աշխատանքները:

«Չենք պատրաստվում վերադառնալ Կենդանաբանական այգի, մեր կենտրոնի շինարարությունն ընթանում է շատ մեծ թափով, շինարարները պնդում են, ես ևս կարծում եմ, որ կենտրոնը տարեվերջին պատրաստ կլինի»:

Արմեն Բեգոյանից հետաքրքրվեցինք, թե իրենց իրականացրած ստերջացման արդյունքում քանի՞ շուն չի ծնվել:

«Մեր դիտարկումների համաձայն՝ Երևանում թափառող կենդանիների 50 տոկոսը և ավելին արդեն ստերջացված է: ՀՈԱԿ-ի բացման օրից կատարվել է 2000 վիրահատություն, 2000 շուն չի ծննդաբերել, ընդունված է հաշվել, որ մեկ շունը միջինում կարող է ունենալ 8 ձագ, որից 4-ը չի ապրում, այսպես միջինացված որ հաշվենք, մոտ 8000 շուն ավել կունենայինք Երևանում, եթե հանենք 2000-ը, որոնք ծննդաբերողներն են, 6000 շուն ավել կունենայինք»:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասում է՝ հույս ունի, որ նոր կենտրոնը, իրոք, լավն է լինելու:

«Քաղաքապետն ասում է, որ նոր տեղն այնքան լավն է լինելու, որ ինքն էլ կգնար այնտեղ բուժվելու, հուսանք, որ իսկապես այդքան լավը կլինի»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս