«Ո՞նց հասկանանք, ազնի՛վ բալեք, էդ հեղափոխությունն արեցիք, որ չաղ ու բախտավոր դառնա՞ք». Գուրգեն Եղիազարյան

«800 հազար ընչազուրկների համար Նիկոլը մի ռեցեպտ դուրս գրեց, թե նրանք ինչ պետք է անեն. պետք է «գլխների մեջ բան փոխեն», և ամեն ինչ կավարտվի, հասկացավ, որ դա «ժող ջանի» ու «հպարտի» մոտ չանցավ, 2050 թվին բացվող աշխատատեղերից խոսեց»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային Անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով երկրում առկա հասարակական-քաղաքական տրամադրություններից:

Գ.Եղիազարյանը նշեց, թե չի հասկանում՝ ինչպես է վարչապետն իմանալով տնտեսության վիճակի մասին՝ իրեն թույլ տալիս ԱՄՆ մեկնելու համար հսկայական գումարներ ծախսել.

«Ո՞նց հասկանանք, ազնի՛վ բալեք, էդ հեղափոխությունն արեցիք, որ չաղ ու բախտավոր դառնա՞ք, մինչև ե՞րբ: Էդ լվացքի մեքենայի գումարը վճարե՞լ ես, Նիկոլ, իսկ քո նշանակածը ԱԺ-ում՝ էդ հեռուստացույցի գումարը տվե՞ց՝ մինչև չորս սենյակի մեջ տեղավորվելը»:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ, ապա նաև վարչապետի խորհրդական Վալերի Օսիպյանի՝ խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին լուրին, նա նշեց, որ սպասելի էր, ու ողջունեց այն՝ խոսքն ուղղելով վարչապետին.

«Վալերի Օսիպյանը մի քայլով իրեն արդարացրեց, որովհետև թքեց քո հրամանի վրա, ուղղակի թքեց։ Իբր թե քեզ գլխավոր խորհրդական նշանակեցիր, բայց չգնաց մարդը։ Միգուցե երևանցիները ներեն այն հիմարությունները, որոնք քո խելքին ընկավ ու կատարեց»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը, ըստ Գ. Եղիազարյանի՝ անձնական վրեժխնդրության հետևանք է և հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ. «Դա բումերանգ է, վերադառնալու է քեզ, հանկարծ մտքովդ չանցնի, որ դու խուսանավելու ես, մոռացի դա»:

Հաջորդ դրվագը, որին անդրադարձավ ԱԱԾ նախկին փոխնախարարը՝ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցն էր: Ըստ նրա՝ անհասկանալի են թեմայով այն հրապարակումները, որոնք հայտնում են, թե Դատախազությունը նյութերն ուղարկեց ԱԱԾ, և այլն.

«Դիմում եմ Դատախազին՝ Վիտալի Բալասանյանը ազատ Արցախի ազատ հանրապետության քաղաքացի է և ոչ մի կապ չունի մեր ԱԱԾ-ի հետ: Արցախն ուրիշ երկիր է, էն, որ Նիկոլի մոտ Գյումրիում Արցախի ընտրված նախագահին ասում են՝ մարզպետ, դա արդեն խայտառակություն է»:

Գ. Եղիազարյանը նկատեց, որ Վ. Բալասանյանի կողմից ակնարկված ուժի՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Գարեգին Չուգասզյանը ՀՀ առաջին սորոսականն է եղել. «Նիկոլի կապերը, երեքի հետ առանձնազրույցը հենց էնպես չէր. ստեղծվեց «Սորոսի» ռազմական թևը, իսկ այդ թևը որտեղ ստեղծվել է՝ այդ երկրները կործանվել են: Վիտալին ընդամենը դա է ակնարկել, և ասել, որ, եթե այդ ահաբեկչական խմբավորումը փորձի ինչ-որ գործողություններ կատարել, ապա իրենք մեկ քայլ առաջ կլինեն»:

Բանախոսը դատապարտեց նաև «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը և նշեց, որ այս պարագայում չի ընկալում «ազատատենչ» Արևմուտքի լռությունը.

«Տասը տարի շարունակ այս խմբագրությունն ընդդիմադիրներիս հարթակ է տվել, մենք խոսել ենք այստեղ նախորդ ռեժիմի մասին, շատ դառը բաներ ենք ասել:

Էս ի՞նչ խաղեր են, էս ի՞նչ տաղեր են»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս