Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. բոլոր այցելուներին այսօր կսպասարկեն անվճար, իսկ հետո՝ 20 տոկոս զեղչով
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
«Օրվա խորհուրդն է՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա, որովհետև դրանք միայն հոգեկան խանգարում ունեցողների խնդիրները չեն, հոգեկան առողջությունը միայն հոգեկան խանգարումների բացակայությունը չէ, այն մարդու ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լավակեցությունն է, որը նրան հնարավորություն է տալիս կյանքից առավելագույն հաճույք ստանալ, ինքնադրսևորվել, սեփական կյանքի հետ կապված որոշումներ ընդունել, իրականացնել դրանք, և այս ամենի համադրությունը կարող ենք համարել որպես հոգեկան առողջություն: Այս տարվա կարգախոսն է՝ հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների՝ ինքնասպանությունների կանխարգելում: Այս տարի նույնպես Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 10-ը հայտարարում է հոգեկան առողջության միամսյակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:
«Ասոցիացիան միամսյակի շրջանակներում մասնավոր հոգեբուժական և հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպություններին կոչ է արել այսօր բոլոր այցելուներին սպասարկել անվճար, իսկ հետո՝ 20 տոկոս զեղչով: Այդ կազմակերպություններից են՝ «Ալֆա Բետտա» հոգեբուժական կլինիկան, «Այգ» հոգեբանական կենտրոնը, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը, հոգեկան առողջության ծառայությունը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը»,- նշեց Արմեն Սողոյանը:
Անի Կարապետյան



