Ինդոնեզիայում մահափորձ է կատարվել անվտանգության նախարարի դեմ. Detik
Ինդոնեզիայի քաղաքականության, արդարադատության եւ անվտանգության հարցերի համակարգող նախարար Վիրանտոն հոկտեմբերի 10-ին դանակի վերք է ստացել Բանտենի նահանգում կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Detik նորությունների պորտալը:
Նրա տեղեկատվությամբ, 72-ամյա նախարարը Պանդեգլանդ քաղաք էր ժամանել տեսչական ուղեւորությամբ: Մահափորձը կատարվել է այն պահին, երբ Վիրանտոն դուրս էր գալիս ավտոմեքենայից: Չարագործը սուր առարկայով նրան երկու հարված է հասցրել որովայնի շրջանում: Բացի այդ, վերքեր է ստացել ոստիկանության տեղական վարչության ղեկավարը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, ավելի ուշ ձերբակալվել է նրա կինը, որին նույնպես կասկածում են մահափորձի կազմակերպման մեջ: Վիրանտոյին հասցրել են տեղի հիվանդանոց, որտեղից նրան ուղղաթիռով տեղափոխել են Ջակարտայի զինվորական հոսպիտալ:
Ներկայում, ինչպես նշում է Detik-ը՝ վկայակոչելով բժիշկներին, նախարարը գիտակից վիճակում է: Վիրանտոն կառավարությունում հանրապետության ամբողջ ուժային բլոկի ղեկավարն է, փաստորեն նրա ենթակայության ներքո են գտնվում նաեւ զինված ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



