«4000 դոլար վճարել ենք իրեն, բայց ոչ մի տեղ չենք գնացել». Travelan տուրիստական գործակալությունից խաբված քաղաքացիները Կառավարության առջև են
Travelan տուրիստական գործակալությունից խաբված քաղաքացիներն այսօր Կառավարության առջև բողոքում էին՝ ասելով, որ իրենց դատական գործերում ոչ մի առաջընթաց չկա, քննիչին տեսել են միայն դիմում գրելու օրը, առերեսում կամ որևէ այլ գործընթաց տեղի չի ունեցել:
«Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը, ով նախկինում դատվածություն է ունեցել, հարկադիրով թողնված վիճակում բացել է կազմակերպություն, մեզ գցել է իր ծուղակը: Մեր ձայնը բարձրացել է մայիսին, Աննային կալանավորել են, բայց մենք պարզաբանումներ ենք ուզում Կառավարությունից, թե ինչպե՞ս կարող էր դատվածություն ունեցող մարդը բացել կազմակերպություն և խաբել մարդկանց: Մենք ճանփորդում էին Եգիպտոս իմ 60-ամյակը նշելու, աղջիկս փորձել էր ինձ անակնկալ անել, բայց վատ անակնկալ ստացվեց: Չեղարկվել են՝ ինչպես մեր Եգիպտոս գնալու, այնպես էլ՝ աղջկաս և իր ընտանիքի Մոսկվա-Երևան տոմսերը, որոնք նա նույնպես ձեռք է բերել Աննա Սահակյանից:
Աննան աղջկաս համոզել էր գումարը վճարել նախօրոք, սակայն աղջիկս ասել էր, որ միայն մի կեսը կվճարի, մյուս մասն արդեն գնալու ժամանակ կտա: 4000 դոլար վճարել ենք իրեն, բայց ոչ մի տեղ չենք գնացել: Դատական գործերը քննչական մարմիններում են, գործն ընթացքի մեջ է, բայց մենք քննիչին ընդամենը մեկ անգամ ենք տեսել, առերեսում չի եղել, ոչ մի գործընթաց տեղի չի ունենում»,- ասաց Travelan տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիներից մեկը:
Ցուցարարներն ասում են՝ 50-ից ավելի դիմում կա կազմակերպության դեմ, բայց տուժողներն ավելին են: Պնդում են՝ Աննա Սահակյանը մինչև վերջին պահը վստահեցրել է, որ բոլոր նրանք, ովքեր վճարել են, գումարները ետ կստանան:
«Աննան ինքն է կապվել ինձ հետ, առաջարկել իրենց փաթեթները, մենք ուզում էինք Եգիպտոս գնալ, իմ թռիչքը հունիսին էր, ապրիլին արդեն իմացանք այս մասին, կապվեցինք իր հետ, ասաց անպայման կգնաք, կամ ձեր գումարները հետ կվերադարձնենք: Պայմանագիր էինք կնքել 5 ընտանիքի համար, 1 մլն դրամ ենք վճարել»,- ասաց բողոքող մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք՝ մայիսին Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյան կալանավորվել էր: Travelan-ի դեմ հարուցված քրեական գործը միացրել էին YEREVAN TRAVEL տուրիստական գործակալության գործին, և Աննա Սահակյանը գործում ներգրավվել էր՝ որպես մեղադրյալ: Աննա Սահակյանը նախկինում աշխատել է YEREVAN TRAVEL տուրիստական գործակալությունում: Գործակալությունը ևս հայտարարել էր, որ իրենց մոտ որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի Աննա Սահակյանն ընկերության անունից իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք՝ ընկերության դրամարկղ մուտքեր չանելով, և նախնական տվյալներով՝ իրենց հասցնելով 10 մլն դրամի վնաս:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



