
«Եթե «պադեզդում» իշխանություններին քնադատողների գլուխը «սխկեցին», կասեն՝ իշխանությունն ուժեղ է, «չսխկեցին», ուրեմն կասեն՝ իշխանությունը թույլ է». Նիկոլ Փաշինյան

«Զոռբայության ծուղակի հայելային արտահայտությունը չզոռբայության ծուղակն է, քանի որ, երբ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Քանի որ հարց է առաջանում, թե՝ այս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, հիմա սպասենք, եթե «պադեզդում» նրա գլուխը «սխկեցին», ուրեմն՝ իշխանությունն ուժեղ է: Իսկ եթե «չսխկեցին», ուրեմն համացանցում ու մամուլում կասեն՝ իշխանությունը թույլ է: Այս երևույթն էլ է վարքագծային, որը կա և պետք է հաղթահարվի»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում արդեն ձևավորվել է ուժեղ իշխանության կաղապարը, ըստ որի՝ քաղաքական հակառակորդին «պադեզդում» պետք է «գյուլլեն» և բոլորը վախենան իշխանության դեմ որևէ բան անելուց:
Ուստի, վարչապետի բնորոշմամբ, սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է կատարվող փոփոխություններին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ որևէ զարմանալի բան չկա այնտեղ, որտեղ կա «տուլիտի» բանաձևը: Օրինակ՝ մի երկրում հայտնի մտավորականը կարող է հարցազրույց տալ ու ասել, որ «օրենքով գողերը կարդացած ու զարգացած մարդիկ են», և չարժանանա հանրային որևէ պարսավանքի:
«Բա «տուլիտ» անելու հարգանքի արժանի գործողություն է, այստեղ է խնդիրը, որ Հայաստանում մտավորականը, նույնիսկ գիտական աստիճան ունեցողը, կարող է ասել, որ քրեական աշխարհի ներկայացուցիչն իր բարոյական արժեքներն ունի: Այստեղ էլ գայթակղությունը շատ մեծ է, որ իշխանությունը գնա նման բան ասողներին տանի, դնի իր համապատասխան տեղում և ասի՝ դե, քո նշած միջավայրում մնա: Հայաստանում կային մասնագիտություններ, մարդիկ, որոնք 30 տարի շարունակ ստանում էին 60 հազար դրամ, բայց ման էին գալիս «Renge Rover»-ով, և նրանց կենացը հարսանիքներին ոտքի վրա էին խմում: Ու մենք մեզ հարց չենք տալիս, թե այդ ինչպե՞ս, այստեղից էլ ստեղծվում է այդ վարքագծային կանոնը»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ երբեմն Կառավարությանը մեղադրում են դանդաղ գործելու մեջ, բայց այդքան էլ համաձայն չէ դրա հետ, քանի որ խնդիրը ճիշտ ախտորոշելու համար չպետք է վնասեն և «յոթ չափում, նոր միայն մեկ կտրում են»:
Զվարթ Խաչատրյան