«Այդ հարցն օրակարգում չի քննարկվել». Հովհաննես Իգիթյանը՝ իրեն ԵԽԽՎ-ում փոխարինելու լուրերի մասին
Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԵԽԽՎ-ում Հովհաննես Իգիթյանին իշխանությունները կփոխարինեն մեկ այլ անձով, սակայն դեռ հարմար թեկնածու չեն գտել։
«Միքայել Զոլյանին կընդգրկեին, եթե նա ամուլսարական չլիներ և Նիկոլ Փաշինյանի թիրախում չհայտնվեր։ Իգիթյանն այս նստաշրջանին վերջին անգամ է մասնակցում, և, մեր աղբյուրների փոխանցմամբ, անչափ ծանր է տանում իրեն հեռացնելու փաստը, քանի որ նա իշխանական ցուցակում է հայտնվել հենց այդ նպատակով, որ գործունեություն իրականացնի միջազգային այդ հարթակում»,- գրել էր թերթը։
168.am-ը Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց` արդյո՞ք գործընկերներն իրենց փոխարինելու հարց բարձրացրել են, ինչպես գրում է մամուլը։
«Կարծում եմ՝ այդ հարցին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից արդեն պատասխանել են, այդ հարցն օրակարգում չի քննարկվել։ Բոլորդ էլ հիշում եք, որ եղել է մի աղմուկ, որն ավելի շատ եկել է Ռուսաստանի և նախկին իշխանությունների մամուլից, որ Ռուսաստանը շատ դժգոհ է այն հանգամանքից, որ հայկական պատվիրակությունը պատշաճ ձևով կողմ չի եղել Ռուսաստանի վերադարձին։ Այստեղ կա մեծ դեմագոգիա, քանի որ այն քվեարկությունը, որը վերաբերում էր Ռուսաստանի վերադարձին՝ Հայաստանը կողմ է եղել չորս ձայնով»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մասնակցել է նաև այն քննարկմանը, որը վերաբերել է կանոնակարգի փոփոխությանը, որտեղ շփոթմունք է եղել պատվիրակության անդամներից մեկի կողմից, որը շտկվել է։
«Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն անհեթեթությանը, որ Ռուսաստանը դժգոհ է իմ պահվածքից և ճնշում է Հայաստանի իշխանություններին, որ ինձ փոխարինեն, ապա այստեղ իմ հարցը չէ, այլ բուն երևույթը։ Անհնար է և անընդունելի, որ որևէ երկիր՝ լինի բարեկամ, մեծ կամ փոքր, ազդի Հայաստանի այս կամ այն կառույցում պատվիրակության ձևավորման վրա»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց բանաձև, որի նպատակն էր՝ Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ, որի աշխատանքներին նրանք չեն մասնակցում 2014թ.-ից, երբ ԵԽԽՎ-ն Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեցին նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։ Ռուսաստանը վերջին 2 տարիներին նաև չէր վճարում իր անդամավճարը, որը կազմում է տարեկան մոտ 30մլն եվրո, ինչը ֆինանսական ճգնաժամ էր առաջացրել կազմակերպությունում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան