էլեկտրամոբիլ, մոտոցիկլետ և հեծանիվ ներկրողներին ընթացակարգային փոփոխություն չի սպասվում
Բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ավելացված արժեքի հարկը` ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն:
Փոխվելու է միայն բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի համար սահմանված դրույքաչափը. ներկայում գործող 10%-ի փոխարեն լինելու է 15%: Իսկ մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը:
Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի ու հեծանվի ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից` ըստ ՀՀ հարկային օրենսգրքի:
Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ: Մոտոցիկլետի և հեծանվի համար բնապահպանական հարկ սահմանված չէ:
Ի դեպ, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար ներմուծվող բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի և հեծանվի արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի: Իսկ իրավաբանական անձանց դեպքում մաքսային արժեքը հայտարարագրվում է ապրանքային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի: Եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կամ մաքսային արժեքը կսահմանի մաքսային մարմինը:
Կարևոր է իմանալ, որ եթե տրանսպորտային այս միջոցները ներկրեք 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով:
«Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու են «ապրանքային» և «ուղևորային մաքսային հայտարարագրերը»:
Դրանց հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրեք, օրինակ, դեկտեմբերի 30-ին, ունենաք «տարանցման հայտարարագիր», բայց «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը: