«Եթե իրավապահները համապատասխան գնահատական չտան, նույնը հաջորդ օրը որևէ մեկը կարող է անել «Հայկական ժամանակի» գրասենյակի նկատմամբ». Դավիթ Խաժակյան

Այսօր հարձակման է ենթարկվել լրագրող Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբը: Ինչպես տեղեկացրել է մամուլի ակումբի կայքը, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, 168.am-ի հետ զրույցում այն հարցին, թե այս հարձակումն ի՞նչ տրամաբանության մեջ է ընկալում` զուտ լրագրողական գործունեության թե՞ նաև ազգակցական կապերի`հաշվի առնելով, որ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ասաց, որ ինքն, իհարկե, լսել է նաև հարձակման ընթացքում արտաբերած նրանց տեքստերը և կարծում է, որ սա ատելության ևս մեկ դրսևորում է առաջին հերթին, անշուշտ, լրատվամիջոցի նկատմամբ, որովհետև ամբողջ պատմությունը սկսվել էր հայտնի վերնագրից:

«Կարելի է ընդունել կամ չընդունել, չկիսել կարծիքը, մոտեցումը, բայց անթույլատրելի է նման գործողությունը: Դա, ես կարծում եմ, կարելի է գնահատել որպես վանդալիզմ, և նույն հաջողությամբ նույնը կարող էր իրականացվել որևէ քաղաքական ուժի գործունեությունը չհավանելով, որևէ այլ լրատվամիջոցի գործունեությունը չհավանելով, և եթե իրավապահները համապատասխան գնահատական չտան, նույնը հաջորդ օրը որևէ մեկը կարող է անել «Հայկական ժամանակի» գրասենյակի նկատմամբ, որովհետև իրենց դրած մի վերնագիր էլ կարող է մեկ այլ խմբի դուր չգալ ասենք»,-ասաց Դավիթ Խաժակյանը:

Մեր այն հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք, որ իշխանությունները համարժեք կարձագանքեն կատարվածին, Երևանի ավագանու անդամն ասաց, որ ինքն ակնկալում է, որովհետև տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանին պատկանող շենքի հանրային գույքի վնասում, բայց, իհարկե, այստեղ ամենակարևորն ու անթույլատրելին այն է, որ նշված գործողությունը տեղի է ունեցել լրատվամիջոցի նկատմամբ:

«Ես կրկնում եմ, որ եթե տրամաբանությունն այն է, որ ինչ-որ մի խումբ անձինք չեն հավանում ինչ-որ նյութ կամ վերնագիր և որոշեն այդ կերպ վավել, վաղը նույնը կարող է տեղի ունենալ, ևս մեկ անգամ եմ շեշտում, «Հայկական ժամանակի» նկատմամբ, և եթե իշխանությունները չեն ցանկանում, որ նման երևույթները շարունակեն դրսևորվել, պետք է դա կանխեն համապատասխան իրավական գնահատականով»,-նշեց Դավիթ Խաժակյանը: Մեր այն դիտարկմանը, թե հարձակվողների տրամաբանությունն այն է, որ Հրայր Թովմասյանի քույրը Հայաստանում չպետք է որևէ գործունեություն ծավալի, և արդյո՞ք այստեղ առանցքային չէ թիրախի ընտրությունը ազգակցական կապերով պայմանավորված լինելը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ ինքը կարծում է, որ դա մյուս կողմից նաև ատելության մթնոլորտի շարունակությունն է, որը կարող է դրսևորվել և լրագրողական, և քաղաքական գործունեության նկատմամբ, որն այս դեպքում երկտեղվում է:

«Մոտիվները ես չգիտեմ: Իրենք ավելի շատ վրդովված էին ազգակցակա՞ն կապերից թե՞ բուն հոդվածից, բայց ինքը` երևույթը, ես գնահատում եմ որպես վանդալիզմ»,-նշեց Երևանի ավագանու անդամը:

168.am-ի այն հարցին, թե ինչու նշված անձինք չէին վրդովվել այն ժամանակ, երբ երկրի ղեկավարը Ալիևին կիրթ մարդ էր անվանում ու ըստ էության դրական տպավորություն էր ստացել Ապրիլյան պատերազմը սանձազերծած մարդուց, Դավիթ Խաժակյանն ասաց, որ ինքը երբեմն հետևում է հարձակումն իրականացրած մարդկանց ֆեյսբուքյան էջերին և ամեն անգամ մտածում է, որ չարժեր այդ ժամանակն իրենց վրա ծախսել:

«Բայց երբ իրենք իրենց նման դրսևորւմներ են թույլ տալիս, արդեն հարցնել, թե ինչո՞ւ այն ժամանակ այս կամ այն բանի մասին չէին խոսում, արդեն էական չի: Էականն այն է, որ նման բան կարող է դրսևորվել հանրային գործունեություն իրականացնող ցանկացած անձի նկատմամբ»,-ասաց Դավիթ Խաժակյանը` հավելելով, որ իշխանությունները դրան համապատասխան գնահատական պետք է տան, քանի որ տեղի է ունեցել ֆիզիկական կոմպոնենտ պարունակող գործողություն: Նա կարծում է, որ իրենք իրենց ֆեյսբուքյան պատերին ինչ ասես կարող են գրել, և այս ատելության մթնոլորտը հենց ֆեյսբուքյան պատերից է սկսվել, բայց երբ այն անցնում է արդեն ֆիզիկական գործողությունների, եթե իրավապահները չմիջամտեն, դա լավ բանի չի վերածվի: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս գործողության պատշաճ քրեաիրավական գնահատականը չտալու դեպքում հաջորդ թիրախը չեն դառնա հակառակ կարծիք հայտնող ԶԼՄ-ներն առհասարակ, Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս դեպքում ինքն ավելի շատ տեսավ այդ դրսևորումը:

«Բայց ես կարծում եմ խնդիրն ավելի շատ ատելության մթնոլորտն ու դրանից բխող գործողություններն են, որոնք կարող են լինել և լրատվամիջոցների, և դատական իշխանության, և կուսակցությունների նկատմամբ, որովհետև նշված անձանց շարքում կար մեկը, ով բարձրախոսով եկել էր և «Լուսավոր Հայաստանի» գրասենյակի դիմաց վիրավորական վանկարկումեր էր անում: Եվ սրանք կարող են շարունակական լինել: Եթե իրավապահները կամ քաղաքական իշխանությունը այդ երևույթը որոշի թողնել ինքնակարգավորման, դրանից վստահաբար լավ բան դուրս չի գա»,-եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս