Քոչարյանի գործը վարույթ ընդունողներից է եղել ՄԻԵԴ նախագահ Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոսը
Գաղտնիք բացած չենք լինի՝ ասելով, որ վերջին իրադարձությունների ֆոնին Սահմանադրական դատարանը (ՍԴ) ենթարկվեց հարձակումների, այդ թվում՝ տեղեկատվական։ Եվ թեև ակնհայտ էր սուտն այս մարմնի շուրջ, բայց կարծեք թե չկար այդ սուտը դակող մարմին։
Իրավիճակը փոխվեց, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ներկայացված դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունեց վարույթ` ակամայից դակելով նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված մի քանի ստերի առկայությունը, որից ելնելով, բնականաբար, կարելի է կարծիք կազմել նաև մյուս ստերի մասին։
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում ՍԴ-ի շուրջ ստեղծված մի քանի միֆեր։
ՄԻՖ-1. ՍԴ-ն ու ՍԴ նախագահը լեգիտիմ չեն։
ՄԻԵԴ-ը երբեք չէր համագործակցի ոչ լեգիտիմ մարմնի կամ նրա նախագահի հետ։
ՄԻՖ-2. Սահմանադրական դատարանը չպիտի վարույթ ընդուներ Ռոբերտ Քոչարյանի կամ առաջին ատյանի դատարանի դիմումները, քանի որ հոդվածը չուներ սահմանադրականության խնդիր:
-Հաշվի առնելով ՄԻԵԴ-ի բարձր չափանիշերը, պարզ է դառնում, որ հոդվածն իսկապես խնդրահարույց է եղել Կոնվենցիայի տեսանկյունից: Իսկ ասել՝ կոնվենցիոն խնդիր, նույնն է թե՝ սահմանադրականության խնդիր, եթե խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին:
ՄԻՖ-3. Սահմանադրական դատարանը պիտի վարույթից հաներ դատավոր Դ. Գրիգորյանի դիմումի հիման վրա հարուցված գործը, քանի որ Վերաքննիչ դատարանը վերացրել էր ՍԴ դիմելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
-ՄԻԵԴ դիմելու պայմաններից մեկն էլ այն է, որ դատարանը կարող է դիմել, եթե գործը գտնվում է իր վարույթում: Ընդ որում, դա նշանակում է նաև, որ վարույթում գտնվելը պետք է լինի ոչ միայն ձևական առումով, այլև լինի իրավաչափ: Փաստորեն, վարույթ ընդունելով ՍԴ դիմումը, ՄԻԵԴ-ը հաստատեց, որ ՍԴ-ի վարույթում գործը գտնվելը իրավաչափ է, նույնիսկ, եթե վերաքննիչը որոշել է, որ առաջին ատյանի դատարանը չպիտի դիմեր ՍԴ, և վերացրել է ՍԴ դիմելու որոշումը։ Այս ամենի մեջ հետաքրքրականն այն է, որ ՀՀ կառավարությունը, ինչպես նշեց մեր աղբյուրը, ՄԻԵԴ ին տեղեկացրել է, որ ՍԴ-ում գործը գտնվում է ոչ իրավաչափորեն, քանի որ Վերաքննիչ դատարանը վերացրել է ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եվ այս փաստերի մասին քաջատեղյակ լինելով, ընդհուպ մինչև այս հարցը քննարկելով է ՄԻԵԴ-ը գործն ընդունել վարույթ՝ հաստատելով, որ գործը պետք է լիներ ՍԴ վարույթում։ Ի դեպ, կարծում ենք՝ ՄԻԵԴ-ն առնվազն տարակուսելու է, թե ինչպես կարող էր իր համար խնդրահարույց հոդվածը Վերաքննիչ դատարանի համար դիտվել ոչ խնդրահարույց, որը, ինչպես գիտենք՝ գտել է, որ Դ. Գրիգորյանը չպիտի դիմեր ՍԴ։
ՄԻՖ-4. Խնդրո առարկա հոդվածը վերաբերում է ոչ թե մարդու իրավունքներին, այլ պաշտոնատար անձի, և ՍԴ-ն չպետք է դիմեր պաշտոնյայի իրավունքի հարցով ՄԻԵԴ։
-Այո, ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունում միայն մարդու իրավունքների հարցերով դիմումները, և ՍԴ դիմումն ընդունվել է վարույթ՝ փաստելով մարդու իրավունքներին դրանց առնչությունը։ Այս ֆոնին, ի դեպ, ակնառու է դառնում մյուս սուտը, որ վերջերս կայացված ՍԴ որոշումը սխալ էր, քանի որ հարցը վերաբերում էր ոչ թե մարդու իրավունքներին, այլ պաշտոնյայի: Այս և մի շարք այլ ռիսկերի մասին գիտակցումով է, թերևս, Կառավարությունը ՄԻԵԴ-ին հայտնել տարատեսակ սխալ տեղեկատվություններ, որը, սակայն, անփառունակ ավարտ է ունեցել: Ի դեպ, մեր աղբյուրը հայտնեց նաև, որ լարվածությունը կրկնապատկվել է, երբ հայտնի է դարձել, որ վարույթ ընդունող կազմում է եղել ՄԻԵԴ նախագահը՝ Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոսը, որը, փաստորեն, քաջատեղյակ է դարձել ներհայաստանյան անցուդարձին և ոմանց մանիպուլյացիաներին։