Անդրեա Վիկտորինը ներկայացրեց ՀՀ-ում ԵՄ նոր ծրագրերի ուղղվածությունը

ԵՄ-ն արևելյան գործընկեր երկրներում աջակցում է հետազոտությունների ու նորարարությունների, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը, ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը, մրցունակության բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը:

Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում ԵՄ-ն այս ամենը խթանում է «EU4Innovation» նախաձեռնության միջոցով, որն օժանդակում է տարբեր անհատներին, ուսանողներին, հետազոտողներին, ընկերություններին և կրթական հաստատություններին՝ ֆինանսավորելով բազմաթիվ բնագավառներում:

ԵՄ-ն նաև համատեղ աշխատանք է տանում ազգային իշխանությունների հետ՝ հետազոտությունների և նորարարությունների տիրույթում գործընկեր երկրների արդիականացման և մրցակցության բարձրացման նպատակով:

2018-2020թթ. ընթացքում շուրջ 30 միլիարդ եվրոյի ներդրումով՝ «Հորիզոն 2020»-ը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ԵՄ-ի կողմից երբևէ իրականացված խոշորագույն ծրագիրն է:

Երիտասարդական հեռանկարների բարելավումը Եվրոպական միության՝ իր Արևելյան գործընկեր երկրների հետ համագործակցության առանցքում է: Եվրոպական միությունը Հայաստանի հետ միասին նպատակ ունի ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների ուսման, աշխատանքի, հասարակությունում ամբողջական մասնակցության և սեփական ներուժի իրացման համար:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասաց, որ իրենք մշտապես փնտրում են նոր նախաձեռնություններ:

«Համոզված ենք, որ անհրաժեշտ է աջակցել անհատներին: Շատ մեծ կարևորություն ենք տալիս երիտասարդների հետ աշխատանքին: Տասը տարի առաջ եղել եմ Հայաստանում, տեսել եմ երիտասարդների, ովքեր Հայաստանից այլ երկրներ էին գնում: Իսկ հիմա այլ ժամանակներ են եկել. դուք երիտասարդ եք, դուք ունեք մտքեր, հնարավորություններ: Կարևոր է, որ ունենաք որոշակի տեսլական, թե ինչպես եք տեսնում ձեր ապագան և փորձեք գնալ ձեր երազանքների հետևից:  Եվ մի՛ լսեք մարդկանց, ովքեր կասեն՝  մի փորձեք դա և արեք ամեն ինչ դասական ճանապարհով:

Զարգացումը տեղի է ունենում  միայն այսպիսի ձևով: Ինձ համար շատ կարևոր է ևս մեկ հանգամանք՝ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը: ՀՀ Անկախության տոնին ներկայացած մեր ժամանակների հերոսներից մեկը հենց մեր կողմից էր ֆինանսավորվել: Մենք ուզում ենք բարելավել ՀՀ բնակիչների կյանքը, այդ իսկ պատճառով աջակցում ենք բարեփոխումներին: Կարևոր է՝ Հայաստանում զարգացնել  ձեռներեցությունը, նորարարությունը, կրթությունը, թվայնացումը:

Այստեղ ենք, որպեսզի աջակցենք փոքր և միջին ձեռնարկություններին: Ցանկացած հաջող տնտեսության հիմքում, հավատացեք, ընկած է փոքր և միջին բիզնեսը:  Մենք օգնում ենք երիտասարդների, ովքեր ունեն հետաքրքիր նախաձեռնություններ: Կրթությունը կախված չէ շենքերից, դրանք երկրորդական են, կարևորը նորարարությունն է: Կրթությունը փոփոխությունների սկզբնաղբյուրն է: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ ավտորիտար և ժողովրդավար երկրներում տարբեր միտումներ կան: Ուզում եմ, որ երիտասարդներն ունենան նորարարական մոտեցումներ, նոր մտքեր, որոնք ժամանակակից աշխարհում հակադրվում են հնին:  Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանում բարձրագույն կրթությանը: ՀՀ ԿԳՄՍ-ում այս հարցը քննարկել ենք»,- նշեց ԵՄ դեսպանը:

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ-ներին» զարգացման ծրագիրը, որը ֆինանսավորվում է նաև գերմանական կառավարության կողմից, ներկայացրեց Մարիամ Բաբայանը.

«Մեր ծրագիրը սկսվել է 2016 թվականին և երկու ամսից մոտենում է ավարտին: Ծրագիրն աջակցություն է տրամադրում 5 ուղղություններով. առաջինը դա աջակցությունն է ՓՄՁ  ռազմավարական մոտեցումներին, վիճակագրության հիմնմանը: Այսուհետ ՓՄՁ վիճակագրությունը հասանելի կլինի ամեն տարի: Երկրորդը բիզնեսին աջակցող ասոցիացիաներին օգնելն է: Երրորդը Հորիզոն 2020 ծրագրին աջակցելն է, գիտական գաղափարները բիզնեսին մոտեցնելն է, հնարավորությունների ստեղծումը: Այստեղ ունեցել ենք երկու շատ մեծ հաջողություն,  երկու թիմ երեք տարվա ընթացքում ստացել է բավականին մեծ հնարավորություն, մեկը՝ 50.000, մյուսը՝ 380.000 եվրո գրանտ է ստացել: 50.000-անոց գրանտը Հարավային Կովկասում առաջինը և միակն է, որը ստացել են այդ ծրագրի շրջանակներում: Դա ՓՄՁ գործիքի օգտագործման գրանտն է:  Օգնում ենք երիտասարդ դիզայներների: Հաջորդը ստարտափի զարգացումն է: Աշխատում ենք նաև կանանց ձեռներեցության զարգացման շրջանակներում»,- նշեց նա:

Շարունակելով գործընկերոջ միտքը՝՝ Դավիթ Զարգարյանը նկատեց. «Աշխարհը գնում է գիտության հետևից: Բոլորը խոսում են IT-ի մասին, բայց երիտասարդները, ովքեր անցնում են ինֆորմատիկա, չգիտեն, թե դա ինչ է: ՀՀ-ում գնալով ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգանում են, կրթական բուհերում ունենք մոտ 5000 ուսանող, բայց չեն կարողանում բավարարել մեր կազմակերպությունների պահանջները: Սա խոսում է կրթական համակարգի պրոբլեմի մասին: Սա գալիս է նրանից, որ ունենք լեկցիաներ, ունենք իրականությունից կտրված կրթական սիստեմա, աշխատանքի տեղավորման հարցեր: Ընդամենը 10 տոկոսն է, որ իր մասնագիտությամբ աշխատում է»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս