Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները, աշխատանքի առաջնահերթությունները, ինչպես նաև անհատական գործերով և համակարգային խնդիրներով կատարվող աշխատանքը։
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին, իրազեկման աշխատանքներին։
Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին և այլն:
Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը: