
«Սա Առողջապահության նախարարության և առողջապահական պետական մարմինների լրջագույն բացն է». փորձագետը՝ պատվաստումների աղմկահարույց թեմայի մասին

«Մեկ առողջություն կոալիցիա»-ի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պատվաստանյութերի կարևորությանը, բնակիչներին հորդորեց չխուսափել տարեկան օրացույցով նախատեսված պատվաստումներից և չվստահել այն տեղեկություններին, որոնք ուղղորդում են մարդկանց չպատվաստվել:
«Պատվաստումներից հրաժարվելը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ աշխարհում աճել է կարմրուկով հիվանդացությունների թիվը շուրջ 300 տոկոսով:
Փորձագետը նկատեց, որ բնակչությունը բավարար իրազեկում չունի պատվաստումների մասին. «Սա Առողջապահության նախարարության և առողջապահական պետական մարմինների լրջագույն բացն է. մեր բնակչությունը բավարար իրազեկված չէ պատվաստումների նպատակների մասին»:
Ըստ նրա՝ թերևս հենց այս պատճառով միանգամից աղմուկ հանեց 9 ամսական երեխայի հոսպիտալացման դեպքը, երբ տարբեր հրապարակումներում նշում էին, թե բարդացումը պատվաստման հետևանք է.
«Նախարարությունն արդեն իսկ ժխտել է, թե բարդացումը պատվաստման հետևանք է՝ նշելով, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք:
Բայց եկեք տեսնենք՝ որտեղից է խնդիրը ծագում. այսօր մենք առերևույթ ունենք ոչ թափանցիկ աշխատանք ԱՆ իմունոկանխարգելման ոլորտում»:
Գ. Գրիգորյանը չբացառեց պատվաստանյութի բացասական հետևանքով հնարավոր դեպքերը, բայց լրացուցիչ խուճապի պատճառ համարեց չճշտված տեղեկություն տարածելը նաև ԶԼՄ-ներով:
«ԶԼՄ-ները սիրում են սենսացիա, սա էդ դեպքը չի և կարող է ունենալ լուրջ հետևանքներ: Եկեք օբյեկտիվ նայենք, ցանկացած ծնող դեպքը սուբյեկտիվորեն կապելու է պատվաստման հետ, բայց մինչ ուսումնասիրություններ չկատարվեն, չենք ունենա օբյեկտիվ պատճառը. պատվաստանյութը կարող է ընդամենը խթան հանդիսանալ»,- ասաց նա:
168.am–ի դիտարկմանը, թե գուցե ուսումնասիրությունների օբյեկտիվությանը չեն վստահում՝ փորձագետն արձագանքեց. «ԱՆ-ը վերջին մեկուկես տարվա ընթացքում իր գործողություններով և քայլերով բերել է նրան, որ տոտալ անվստահություն է բնակչության շրջանում պատվաստանյութերի հանդեպ. պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման այդ ագրեսիվ քարոզը և ներկայացված փաստերը մասնագետների կողմից բերեց նրան, որ ամբողջ իմունոկանխարգելման պրոցեսը տուժեց. Բնակչությունը սկսեց չվստահել ամբողջ իմունոկանխարգելման պրոցեսին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան