«Ես չեմ հասկանում` էդ Նորայր Գրիգորյանն ի՞նչ մի ֆենոմեն էր, ի՞նչ հնարավորությունների, գաղափարի տեր մարդ է, որ անպայման ուզեին ՔՊ-ում լինի»

Այսօր առավոտյան Ոստիկանական ուժերն ու ԱԻՆ աշխատակիցները բացել են Նորաշենի գյուղապետարանի դուռը, որն արդեն 5 օր է՝ փակ էր։

Հիշեցնենք, որ գյուղապետարանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, քանի որ, նրանց խոսքով՝ Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանին աշխատանքից ազատել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կամայականությամբ: Նրանք փակել էին գյուղապետարանի դուռն ու բանալին թաքցրել էին, ուստի այսօր Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը ստիպված էին եղել կոտրել այն:

4 օր շարունակ գյուղապետարանի, ապա Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա անելուց հետո՝ երեկ նորաշենցիները եկել էին Երևան և Կառավարության դիմաց էին արտահայտում իրենց բողոքը:

Մի քանի ժամ առաջ մեզ հետ զրույցում Արարատի բնակիչ, «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանն ասել էր, որ երեկ Կառավարությունում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Արարատի մարզպետը պետք է վերանայի իր որոշումը։

Համայնքապետի ժ/պ նշանակված Արտակ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

«Դա իրականությանը չի համապատասխանում, մեր ավագանին ունի իր պաշտոնական էջը, քաղաքապետարանն ունի իր պաշտոնական էջը, մենք մեր բնակիչներին խնդրել ենք այդտեղից օգտվել, այդ պայմանավորվածությունը չի կարելի որպես հիմք ընդունել։ Այնտեղ կային մարդիկ, ովքեր Նորաշենի հետ կապ չունեն, ավել բան չեմ ասելու, կոռեկտ եմ լինելու, շահագրգիռ կողմեր են, մասնակիցներ են ինչ-որ ուժի կողմից ներգրավված, հիմնական խոսացողները նրանք են։ Համայնքապետի լիազորությունները մինչև ընտրությունները կատարելու եմ ես»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ «ուրիշներին էլ են առաջարկներ եղել», որ ստանձնեն քաղաքապետի ժամանակավոր լիազորությունները, բայց հրաժարվել են. «Ես սրան չեմ գնացել ի սկզբանե։ Ինչ-որ մեկը պետք է ստանձներ լիազորությունները։ Շատերը հրաժարվեցին, ես համաձայնեցի»։

Ինչ վերաբերում է Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու պատճառներին, Արտակ Հարությունյանը չի կարծում, որ նրան հեռացրել են ՔՊ-ին չանդամագրվելու համար։

«Չեմ կարծում, որ այդպես է եղել, ՔՊ-ին անդամագրված մեր մարզում 30-50 հոգի մարդ կա, նրանց մեջ ոչ մի քաղաքապետ չկա։ Ես չեմ հասկանում` էդ Նորայր Գրիգորյանը ի՞նչ մի ֆենոմեն էր, ինչ հնարավորությունների, գաղափարի տեր մարդ է, որ անպայման ուզեին ՔՊ-ում լինի։ Ինքը ոչ նախկին իշխանության հետ է վատ եղել, ոչ ներկա, մասնակցել է հեղափոխությանը, ինչո՞ւ պետք է մարզպետն իր հետ վատ հարաբերություններ ունենար»։

Արտակ Հարությունյանը վստահեցնում է՝ ինքն էլ ՔՊ անդամ չէ։ Առաջիկա  ընտրություններին մասնակցելու մասին դեռ չի մտածել, ասում է՝ կախված է հանգամանքներից։

Մեր հարցին, թե ինչո՞ւ համայնքում չեն ուզում իրեն համայնքապետի ժ/պ-ի պաշտոնում տեսնել, նա պատասխանեց, որ բնակիչներն ամենայն հավանականությամբ Նորայր Գրիգորյանի «վերջին» խնդրանքն են կատարել։

«Ինչ-որ մի տեղ ես դա բնական եմ համարում։ Բնակիչները փորձում էին իրենց համայնքապետի վերջին խնդրանքը կատարել, աջակցել իրեն։ Ես միշտ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել, մեր ժողովուրդն են, ուրիշ տեղից չեն եկել»։ Համայնքին ունեցած իր պարտքի մասին լուրերն էլ չի ժխտում Արտակ Հարությունյանը, միայն թե ասում է՝ թվերն են ուռճացված։

«Այստեղ բոլորն էլ գիտեն, որ ես կարող եմ հող ունենալ, որ իմ կնոջ անունով լինի, կամ եղբորս, ունեցել եմ հողային պարտքեր, բայց ոչ այդ գումարը, որը նշվում է, դա չափազանց ուռճացված գումար է, տարին էլ դեռ մեր դիմաց է, խաղողի բերքահավաք ունենք, կմուծենք դեռ մեր հարկերը»,- ասում է նա։

Արտակ Հարությունյանն ասում է՝ համայնքապետարանի դռները բացելիս դիմադրություն չի եղել, ներկա պահին գույքագրում է կատարվում, ժ/պ-ին դեռ կնիք չի տրվել։ Համայնքապետարանի մոտ էր նաև ակտիվիստ Բաբկեն Հարությունյանը, ով դուռը բացելու մասին օնլայն է իմացել։

«Իմացա, եկա՝ տեսնեմ՝ ի՞նչ է եղել։ Այստեղ մարդկանց չլինելը ցույց է տալիս, որ ոչ ոք երեկվա քննարկումից հետո նման բան չէր սպասում։ Երեկ պայմանավորվել էինք, որ Գարիկ Սարգսյանը պետք է չեղարկի իր որոշումը, բայց ինչպես տեսնում ենք՝ չեղավ»,- ասաց նա։

Համայնքապետարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դիմում գրել և դուրս գալ աշխատանքից։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս