«Հայկական կողմը լուրջ ճնշումների տակ է գտնվում». Արմեն Գրիգորյան

Երեկ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, թե չի կարող այնպես լինել, որ դեկտեմբերին հայտարարեն հունվարից գազի սակագնի բարձրացման մասին։

«Այս պահին կոնստրուկտիվ ձևաչափով են ընթանում քննարկումները։ Չկա որևէ նշան, որը վկայում է այն մասին, թե հիմա ուղղակի ժամանակ է անցնում, որ հետո գազի սակագինը կտրուկ փոխվի։ Վստահ եմ` չենք ունենա իրավիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինենք հայտարարել, թե գազի սակագինը բարձրանում է»,- շեշտել է նա։

Բանակցությունները պետք է ընթանան մինչև տարեվերջ, արդյոք նշանակո՞ւմ է, որ չորս ամսից, այսինքն՝ ապրիլի 1-ից, գազի նոր սակագինն ուժի մեջ կմտնի: 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը հարցին անդրադառնալով՝ նշեց՝ ռումբը մեծացվում է ժամկետի հետաձգման դիմաց:

– Նախ պետք է նշեմ, որ ռուսական գազի գնի մասին 2018 թվականի դեկտեմբերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասաց. «Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու, գինը որոշակի բարձրանալու է, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»:

Արդյունքում՝ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա թանկացավ յուրաքանչյուր 1000խմ-ի համար 15.0 ԱՄՆ դոլարով, և այս թանկացումը մեր քաղաքացիների համար գազի սպառման սակագինը չփոխեց, իսկ կարգավորումը եղավ այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը քաղաքական պայմանավորվածության արդյունքում կուտակեց շուրջ 30.0 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտք:

Սա նշանակում է, որ բանակցությունների ժամանակ պետք է քննարկվի ոչ միայն բնական գազի հնարավոր 30 տոկոսի բարձրացման, այլ կուտակված 30.0 մլն ԱՄՆ դոլարի պարտքի և 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 15.0 ԱՄՆ դոլարի հարցերը: Մեր դեպքում բնական գազի գնի ձևավորման վրա ազդում են տնտեսական և քաղաքական գործոններ: Ռուսական կողմը հաճախ Ուկրաինայի հետ գազային բանակցությունների ժամանակ, որպես բարի կամքի դրսևորում կամ տնտեսական մարտավարություն, գազի գնի բարձրացումն առաջարկում էր գարնանը՝ հնարավորություն տալով ազգաբնակչությանը, որ ձմռանն ավելի ցածր գնով ավելի շատ գազի սպառում արվի:

Կարծում եմ՝ նման իրավիճակ ներկայումս ունենք նաև մենք, փաստորեն վերջին 9 ամիսների բանակցությունների արդյունքում հայկական կողմին հաջողվել է միայն ռուսական կողմի հետ համաձայնեցնել՝ հնարավոր բարձրացման հարցը տեղափոխել գարնանը, ինչը հարցի լուծում չէ: Ընդհակառակը՝ արդեն գարնանը պարտքի մեծությունն ավելի կաճի: Ըստ էության՝ ռումբը մեծացվում է ժամկետի հետաձգման դիմաց:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ գազի սակագնի փոփոխություն ընդհանրապես չլինի:

– Ռուսական կողմից եղած տեղեկատվական արտահոսքը՝ հնարավոր 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ, նպատակ ուներ շոշափել մեր իշխանությունների ու հասարակության տրամադրությունները և պինդ հող նախապատրաստել հետագա բանակցությունների համար: Այս իրավիճակում հայկական կողմը լուրջ ճնշումների տակ է գտնվում: Միանշանակ է, որ Հայաստանի համար ռուսական կողմը չի կարող 30 տոկոսով բարձրացնել բնական գազի գինը, քանի որ այդ դեպքում ռուսական գազը կկորցնի իր գնային մրցակցային առավելությունն իրանական գազի նկատմամբ: Այնուամենայնիվ, մյուս տարվա ընթացքում մեր ազգաբնակչության համար գազի սակագինը կվերանայվի, թե որքա՞ն՝ կախված կլինի նրանից, թե հայկական կողմն ինչ փաստարկներով և առաջարկություններով հանդես կգա և ինչ զիջումների կգնա: Երկար ժամանակ է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրված են «Երևան ՋԷԿ»-ով, ինչի վաճառքը կամ փոխանցում, հուսով եմ, տեղի չի ունենա, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունեցող և բարձր շահութաբերությամբ գործող էլեկտրակայան է:

Շուրջ մեկ տարի է՝ շարունակվում են բանակցությունները, ԵԱՏՄ համաժողովի շրջանակներում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ևս շոշափել է գազի սակագնի հարցը, եթե որևէ պայմանավորվածություն ձեռք բերված լիներ, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չէին շտապի դրա մասին հայտարարություն անել, հատկապես, եթե պայմանավորվածությունը մեր շահերից բխեր, կամ լուծոմը մեզ համար ընդունելի լիներ:

– Չեմ կարծում՝ ԵԱՏՄ շրջանակում կարճատև հանդիպումների ժամանակ հնարավոր էր նման կարևոր և բարդ գազի հարց քննարկել: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Փաշինյանի Մոսկվա այցի մասին, որի ժամանակ հնարավոր է վերջնական լուծումներ և տարբերակներ քննարկել: Վարչապետի այն դիտարկումը, որ հնարավոր է գազի համար վճարումն իրականացնել ազգային արժույթով, դա ոչ մի առավելություն չի տա հայկական կողմին, քանի դեռ գազի մատակարարման պայմանագրում գնանշումը ևս ազգային արժույթով չի արված: Այսինքն՝ գազի պայմանագրային գինը ևս պետք է ազգային արժույթով սահմանվի:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս