Գազի գինը կբարձրանա. հարցն այն է, թե որքան. Մանրամասներ` բանակցություններից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։

Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։

Մհեր Գրիգորյանն ասել է նաեւ, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչեւ տարեվերջ։

Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը:

Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաեւ ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու:

Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է եւ չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։

Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Իսկ սա արդեն, չնայած փաստացի թանկացմանը, հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում եւ ընդգրկել հաջորդ «100 փաստի» մեջ:

Մի խոսքով, կարծես այլեւս որեւէ կողմ չի հերքում, որ գազը թանկանալու է: Հարցն այն է, թե որքան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս