Փաշինյանի ռիսկային «խաղերը»

Ղարաբաղյան հակամարտությունը, ժամանակագրական առումով լինելով առաջինը խորհրդային իրականության մեջ, միաժամանակ աչքի է ընկնում նաև իր կարգավորման բարդությամբ: Ընդհանրապես, պրակտիկ կյանքում կոնֆլիկտների հետ առնչվելիս տիրապետող կարծիք է եղել այն, որ էթնոքաղաքական հակամարտությունները դժվար են ենթարկվում կարգավորման: Այս առումով բացառություն չէ նաև Ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորմանն ուղղված՝ ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ՝ միջազգային կառույցների ջանքերը շարունակվում են արդեն 25 տարուց ավելի` առանց շոշափելի արդյունքների և լուրջ առաջընթացի:

Բանակցային գործընթացում վերջին մեկուկես տարվա ընթացքով վստահ կարող ենք փաստել, որ ունենք հետընթաց, քանի որ բանակցային սեղանից ակնհայտորեն դուրս են մնացել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները. Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ սկսել զրոյական կետից։ Փաստն այն է, որ որքան էլ իշխանություններն անընդհատ խոսում են, որ «Ղարաբաղի հարցը պետք է լուծել՝ հաշվի առնելով արցախցիների կարծիքը», «ոչ մի թաքուն պայմանավորվածություն չկա», և այլն, նկատելի է, որ այս հարցի հետ կապված կուլիսային ինչ-ինչ քննարկումներ են  ընթանում։

Այս առումով դիտարկենք մի դրվագ․ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՀՀ անկախության տոնի կապակցությամբ արված ուղերձում ասել էր․ «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն հակամարտության բանակցային կարգավորման, ինչպես նաև ջանքերը՝ ստեղծելու արդյունավետ քննարկումների համար հարմար միջավայր, և նախապատրաստելու բնակչությանը խաղաղության»։

Ուշագրավ մի փաստ՝ Պոմպեոն խոսում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու թեզի մասին, հենց այն նույն թեզի, որն արդեն մեկուկես տարի շեփորահարում է վարչապետ Փաշինյանը։ Սրան զուգահեռ՝ Պոմպեոյի հայտարարությունից հետո տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպման պաշտոնական հաղորդագրությունը փաստացի ոչնչի մասին էր, քանի որ ոչ մի էական ասելիք չուներ՝ անատամ հայտարարություն էր, ինչպես վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած նախորդ հայտարարությունները։

Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնական Երևանը ՄԽ համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին է փոխանցել այն գաղափարը, որ Արցախի հիմնահարցի լուծման հետ կապված «մի քիչ սպասեն»։ Սա պայմանավորված է առաջիկա գարնանն Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։ Ստացվում է այնպես, որ պաշտոնական Երևանը փաստացի խնդրի կարգավորման ամբողջ «տորմուզը»՝ արգելակը, համարում է Արցախի իշխանությունները՝ ամբողջ բանակցային գործընթացի դանդաղման վեկտորն ուղղակիորեն թեքելով Ստեփանակերտի ուղղությամբ։

Այսինքն՝ փաստացիորեն կարելի է ասել, որ Փաշինյանը համանախագահների մոտ ակնարկել է՝ փոքր-ինչ սպասեն, որպեսզի ընտրություններից հետո ներարցախյան քաղաքական համայնապատկերը հստակեցվելուց հետո նոր կարողանան խոսել բանակցային փուլի մասին։ Փաշինյանը հույս ունի, որ ընտրություններից հետո ձևավորված ղարաբաղյան նոր իշխանությունները, որոնք, ըստ նրա, չեն լինի «սիլավիկների» բլոկից, այլ իրեն ավելի լոյալ քաղաքական շրջանակներից կլինեն, ինչն իր մտադրությունների և գործողությունների համար չի առաջացնի ավելորդ խնդիրներ, և այդ փուլում հնարավոր կլինի Արցախի խնդրի բեկումնային զարգացում։

Ըստ ամենայնի՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ներկայումս Արցախում տիրող նախընտրական շրջանում, Փաշինյանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի և ոչ ուղղակի, բայց պարբերաբար, ակնարկներ է անում այս կամ այն թեկնածուի և քաղաքական ուժի վերաբերյալ։ Պարզ է մի բան՝ Փաշինյանն Արցախի հարցում բավականին ռիսկային և վտանգավոր տակտիկա է ընտրել, ինչը չի բացառում, որ կարող է լինեն անդառնալի հետևանքներ, ի դեպ, ինչպես Արցախի, այնպես էլ՝ ՀՀ անվտանգության հարցում։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս