ԲԴԽ նախագահը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի հասկանում հանրության մեջ տարածված այն բնորոշումը, թե իբրև ներկայիս ԲԴԽ-ն նախկին կառույցի «ծյունինգ» արած տարբերակն է։ Նրա համար անհասկանալի է նաև իշխանություններին «հարմար ԲԴԽ» բնորոշումը, քանի որ ԲԴԽ-ի ձևավորման կարգը կարգավորված է օրենքով։
«Եթե նկատի ունենք, որ ԲԴԽ հինգ անդամները պետք է ընտրված լինեն ԱԺ-ի կողմից, հետևաբար՝ ԱԺ-ն բաղկացած է մեծամասնություն իշխանությունից, գուցե Ձեր ասածի մեջ կա ճշմարտության ինչ-որ մեկ տոկոս։ Բայց հաշվի առնելով, որ հինգ դատավոր ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ապա այդ երկու տարբեր մարմինների կողմից ընտրված ԲԴԽ անդամները, իմ համոզմամբ, բալանսավորվում են։ Այսօր ասել, որ ԲԴԽ-ն ներկայիս իշխանությունների ցանկալի ԲԴԽ-ն է՝ միանշանակ այդպես չէ։
Ավելին ասեմ, երբ ԲԴԽ-ում քննարկումներ են տեղի ունենում զանազան հարցերի վերաբերյալ, նման մոտեցում չեմ տեսնում, սկզբունքային հարցերի վերաբերյալ գրեթե բոլորիս կարծիքները համընկնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԲԴԽ նախագահը՝ անդարդառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն խոսակցություններին, թե իբրև ներկայիս ԲԴԽ-ն իշխանությունների ցանկալի ներկայությունն է։
Անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ-ն իրականացնում է այնպիսի գործընթաց, որը չի նշանակում կանգնել դատավորի կողքին։ Ավելին՝ ԲԴԽ-ն օժտված է ապահովելու դատական իշխանության և դատավորի անկախությունը։
«Բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին, որն ընդամենը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմինն իրականացնել քրեական հետապնդում։ Տեղյակ պահեմ, որ ԲԴԽ-ն չի դադարեցրել Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, պարզապես թույլ է տվել իրականացնելու քրեական հետապնդում, օրենքի ուժով նրա լիազորությունները կասեցված են»,- նշեց նա։
Ճշտող հարցին՝ արդյոք այդպիսով ապահովե՞լ են Դավիթ Գրիգորյանի անկախությունը, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ դատավորի անկախությունն ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որպեսզի նրա նրա նկատմամբ իրականացնեն քրեական հետապնդում։
«Կարծում եմ, եթե ԲԴԽ-ն գտներ, որ սրանով ոտնահարվում էր դատական իշխանության կամ դատավորի իրավունքները, ապա այլ որոշում կկայացներ։ Պարզապես ԲԴԽ-ն գտել է, որ դատախազության նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստերը բավարար են եղել, որպեսզի դատավորի նկատմամբ թույլատրվի քրեական հետապնդում։ Եթե լինեն 10-20 կամ 30 դատավորներ նման կարգավիճակում, ապա ԲԴԽ-ն կձևավորի նմանատիպ դիրքորոշում, եթե գտնի, որ սա պարզապես ճնշում է, ապա նման բան թույլ չի տա»,- շեշտեց ԲԴԽ նախագահը։
Զվարթ Խաչատրյան