Երեք ընկույզ՝ Նիկոլ Փաշինյանի համար

Տևական ժամանակ է, ինչ հանրային օրակարգում անընդհատ քննարկվում են գրեթե նույն հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Արցախի թնջուկի կարգավորում և այլն, սակայն արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ հասարակ քաղաքացուց մինչև ամենաբարձր չինովնիկ, խոսում են Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալման մասին։ Հասարակությունը սպասում է… Ինչպես արդեն քանիցս նշվել է, գործող իշխանությունները գտել են իրենց արդարանալու և հնարավոր բոլոր հարցերում ունեցած անհաջողությունների հիմնական արդարացման բանաձևը՝ «ամեն ինչում մեղավոր են նախորդ իշխանությունները», «չեն թողնում և սաբոտաժի են ենթարկում ողջ համակարգը», «հարուստները վատն են» և նման մանիպուլյատիվ թեզերի մի ամբողջ շքերթ։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն իր խմբագրականում փորձել է անդրադառնալ վերոնշյալ հարցերին և տալ «անկողմնակալ» պարզաբանումներ՝ հանրությանը փորձելով մատուցել «երկրում ստեղծված բարի ու հանդուրժող մթնոլորտը»։ Եթե փորձենք ամբողջացնել, թե ինչ է ցանկացել ասել Փաշինյանն իր սեփական թերթի խմբագրականում, կլինի հետևյալը՝ Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և բոլոր ձախողումների համար մեղավոր է Սերժը։

Հիմա խոսենք ավելի փաստական ու դետալային։

Ամուլսարի հետ կապված՝ պետական քարոզչությունը փորձում է ամեն ինչում մեղադրել ՀՀԿ-ին, թեպետ Փաշինյանն իր 84 րոպեանոց մեգալայվում այդպես էլ չհամարձակվեց Ամուլսարի վերաբացման մեջ դնել նախորդ իշխանությունների մեղքը՝ որպես հիմք։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը խելացի վարվեց տվյալ պարագայում, քանի որ այդ դեպքում չէր կարող արդարանալ, թե ինչու է շարունակում նախորդների «սխալները», հատկապես, որ, ըստ ամենայնի, ինքը, առնվազն որպես վարչապետ, նույնպես շահագրգռված է տնտեսական զարգացման այս նոր հնարավորությամբ։

Սակայն մի հետաքրքիր նրբերանգ կա․ այն, ինչը, իր բառերով ասած, «դուխ» չի արել ասել «լայվով», փորձել է ինքնարտահայտվել ստալինյան «Պրավդայի» ոճով՝ մտորելով սեփական թերթում։ Համենայն դեպս՝ մեկ տարվա անիմաստ դեգերումներից հետո Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործումն ապօրինի կասեցնելուց, պետական միջոցներից մոտ 400.000 դոլար ծախսելուց հետո նորից եկավ նույն որոշմանը, սակայն սրան զուգահեռ՝ իր թիմակիցների հանդեպ կիրառեց ակնհայտ բիրտ ուժ (ինչպես պնդում են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ), և մի ձեռքի շարժումով կրկին փակվեցին «թավշյա հեղափոխության» սիմվոլներ դարձած Ազգային ժողովի և նախագահական նստավայրի երբեմնի բացված դարպասները։

Մի քանի դիտարկում Ստամբուլյան կոնվենցիայի մասին։

Նշենք, որ ՀՀ իշխանությունների կողմից այն ստորագրվել է 2011 թվականին, և 7 տարի շարունակ ՀՀ նախկին իշխանությունները բանակցել են այդ կոնվենցիային միանալ-չմիանալու հարցի շուրջ։ Բնական է, որ այդ փաստաթղթի ստորագրման «ձգձգման» ընթացքում Հայաստանը ստացել է մի շարք դիվիդենտներ, մասնավորապես, թեպետ ոչ ուղղակիորեն, բայց ակնհայտ էր, որ թեման շաղկապված էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ստորագրման հետ։

Այստեղ առաջանում է պարզ հարցերի հաջորդական շղթան՝ ինչո՞ւ են իշխանություններն այդպես «ափալ-թափալ», իշխանության գալուց ընդամենը մեկ տարի անց փորձում վավերացնել այդ փաստաթուղթը։ Սա է խնդիրը․ ինչի՞ դիմաց է այդ ամենը կատարվում։ Նրանք ունեն հանգամանալից ու երկար բանակցելու ժամանակ, որպեսզի մաքսիմալ դիվիդենտներ պոկեն Հայաստանի համար, և ուրեմն՝ ո՞րն է շտապողականության հիմքը։

Հետաքրքրականն այն է, որ վավերացման այս ամբողջ «բորշի» ընթացքում իշխանությունները ոչ մի անգամ չեն նշել, որ կարող են վավերացնել, բայց ինչ-ինչ վերապահումներով։

Փաստացի Փաշինյանը կոնվենցիայի վավերացումը տոտալ արագությամբ ծախում է եվրոպացիների վրա։

Կամ ևս մի կարևոր դրույթ․ ինչո՞ւ այդ վավերացման գործընթացը չեն կապում, օրինակ, վիզաների ազատականացման գործընթացի երկխոսության մեկնարկի կամ, ասենք՝ Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության ծավալների մեծացման հետ։ Բավականին կասկածելի է, որ չի խոսվում «վավերացում-վերապահում» մոդելի մասին։

Ի վերջո, ստորագրելը դեռ վավերացնել չի նշանակում, և իշխանափոխությունից հետո Փաշինյանը ցանկացած պահի կարող էր հանգիստ հետ կանչել ստորագրությունը, սակայն հակառակը՝ նրանք ոչ միայն հետ չեն կանչում, այլ կարծես թե խիստ շահագրգիռ են օր առաջ այն վավերացնելու հարցում։

Այստեղ կա ևս մի առանցքային հարց, քանի որ կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանի գլխին կախվելու է հերթական «դամոկլյան սուրը», հատկապես, եթե վավերացումը լինի առանց վերապահումների։ «Դամոկլյան սուր» ասելով՝ նկատի ունենք կոնվենցիայի վավերացումից հետո այն իրագործելու մոնիտորիգային մեխանիզմը, որն ամեն տարի հետզհետե, աստիճանաբար սեղմելու է օղակը՝ Հայաստանին պարտադրելով բաներ, որոնք ընդունված չեն անգամ ԵՄ շրջանակներում, ուստի սա ևս չի ստացվելու «գցել» նախկին իշխանությունների  «գրպանը»։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, ապա այս հարցում վերջին մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանը երկու, այսպես ասած՝ մեծ «լյապ» ունի։

Առաջինը՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթից ակնհայտորեն դուրս են մնացել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք հանդիսանում էին Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը, և Նիկոլ Փաշինյանը և՛ ուղղակի, և՛ անուղղակորեն ամեն ինչ արեց, որպեսզի այդ պարտավորությունները դուրս գան փաթեթից։ Հավելենք, որ դրանք չեն հիշատակվում նաև համանախագահների վերջին մեկուկես տարվա ընթացքում արված հայտարարություններում։

Երկրորդ «լյապը» կապված է Արցախյան հարցի կարգավորման գործընթացի հետ․ երեք սկզբունքները նույնպես չեն շեշտվում Մինսկի խմբի համանախագահների ելույթներում։ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» պոպուլիստական ստեփանակերտյան պոռթկումն իրականում, կարծես թե, Փաշինյանի հրեշավոր պոպուլիզմն էր ղարաբաղյան հարցում, այն իմաստով, որ դրանից ընդամենը մեկ օր հետո իր իսկ ԱԳՆ-ն լղոզեց Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը՝ մեջբերելով արդեն հայտնի դարձած փաշինյանական արտահայտությունը, որ «Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»։

Հավելենք, որ գրեթե բոլոր վերլուծաբաններն ասել են, որ արցախյան հարցի կարգավորման 25 տարիների ընթացքում բանակցային կարգավորման փաթեթը, որը երբևէ մշակված է եղել, եղել է Սերժ Սարգսյանի օրոք։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն արցախյան հարցում ևս նահանջ է արձանագրել Սարգսյանի թողած դիրքերից, և հիմա այն փորձել «գցել» Սերժ Սարգսյանի «գրպանը»՝ ոչ միայն հիմնավոր ու բարոյական չէ, այլև խնդրին իրազեկ շրջանակների համար մանկական անհույս ճիգ է, քանի որ վերը նշված փաստերը խոսում են այլ բանի մասին։ Միանշանակ ճիշտ ու սիրուն չէ, երբ երկրի վարչապետն իր ընդդիմախոսների հետ անգամ չի կարողանում ուղիղ եթերից խոսել, այլ՝ ալեգորիկ և հիմնազուրկ ակնարկներ է անում թերթի խմբագրականներում։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս