«Հանքարդյունաբերության որոշ խաղացողներ, որ նախկինում եղել են ցանկում, այս անգամ չկան, և այս ֆոնին ավելի մեծ դերակատարում է ստացել վերամշակող արդյունաբերությունը». Արտակ Մանուկյան

Հարցազրույց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1000 խոշոր հարկատուների կիսամյակային ցուցանիշներին՝ նշելով, որ զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Սակայն արդյո՞ք այդ ցուցակից նկատելի է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, և ինչո՞ւ են խոշոր հարկատուները շարունակում հիմնականում կենտրոնացած մնալ Երևանում:

– Ճիշտ եք ասում, Երևանում կենտրոնացվածությունը, իհարկե, բարձր աստիճան ունի, և դա խնդիր է, ես ընդունում եմ դա: Բայց եթե քննարկում ենք՝ ինչպես 1000 խոշոր, այնպես էլ՝ 10 խոշոր հարկատուներին, չափազանց ուրախալի է, որ հատկապես եկամտահարկի մասով առաջանցիկ միտումներ կան այդտեղ, ինչը բավականաչ դրական միտում է: Սա դեռևս կիսամյակային տվյալներն են, տնտեսության կառուցվածքի փոփոխությունը հասկանալու համար եկեք սպասենք տարեկան ցուցանիշներին:

Սակայն ակնհայտ է, որ 2018-ի համեմատ՝ տնտեսական զգալի աշխուժություն կա: Դրա մասին են խոսում խոշոր հարկ վճարողների դինամիկան, ակտիվ հարկ վճարողների գրանցումները, 25%-ով հարկային եկամուտների աճը: Ամենակարևորը՝ հանքարդյունաբերության որոշ խաղացողներ, որ նախկինում եղել են ցանկում, այս անգամ չկան, և այս ֆոնին ավելի մեծ դերակատարում է ստացել վերամշակող արդյունաբերությունը:

Կարդացեք նաև

Խոշոր հարկատուների մասին խոսելիս՝ քննարկվում է նաև «Ալեքս գրուպի» հարցը, որ կարծես թե նվազեցրել է հարկերը, բայց այդ կազմակերպությունը ցուցակում մի քանի ընկերություններով է ներկա, և դրանց հանրագումարը, վստահաբար, նույնպես դրական միտումներ ունի:

Այս աշխուժությունն ավելի հարակայուն դարձնելու համար պետք է լուրջ ջանքեր ներդնել և, ամենակարևորը, պակասեցնել այն բոլոր հնարավոր խնդիրները, հատկապես՝ բանկային համակարգում տոկոսադրույքների առումով, արհեստական խոչընդոտները, որ բիզնեսն ավելի մեծ շնչառություն ստանա:

Հայտնի է՝ 2020 թվականից եկամտային հարկն ու շահութահարկը նվազում են, և սպասելի է, որ այլ հավասար պայմաններում դա կբերի այս երկու հարկատեսակների հավաքագրումների նվազման, բայց տեսնենք, թե ինչ արձագանք կլինի, ինչքան այդ փոփոխությունը կանդրադառնա տնտեսվարողների շրջանառության վրա:

– Բացի տնտեսական աճից, հարկերի ավելացման հարցում ստվերի կրճատումն է՞լ է դեր ունեցել:

– Այո, ակնհայտ է, որ այն շահութաբերությունը, որ նախկինում կարող էր ավելի մեծ լինել, այդ շահութաբերությունը որոշակիորեն նվազել է այդ բնագավառում, բայց հանգեցրել է ծավալների ավելացման: Որոշ ընկերությունների դեպքում այդ պնդումը կարելի է անել: Այս առումով ավելի խորքային վերլուծություն է պետք անել, բայց, այո՛, այլ հավասար պայմաններում սա ենթադրում է, որ է՛լ ավելի մեծացել է հաշվետվողականությունը և հարկային վարչարարության արդյունավետությունը:

– Ն.Փաշինյանն «աննախադեպ» է որակել 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտների՝ 25 տոկոսանոց աճը, սակայն արդյո՞ք դա այդքան մեծ ուրախության առիթ է: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բավականին զգուշորեն էր խոսում հարկային հավելյալ հավաքագրումների մասին՝ նշելով, որ տարեվերջին այդ մեծությունը կարող է շատ ավելի համեստ լինել:

– Նախ՝ ինձ համար այդ բոլոր հարկային թվերի մեջ մի ուրախալի հանգամանք կա՝ եկամտային հարկի ավելացումը, որը խոսում է այն մասին, որ տնտեսվարողների վարքագիծ է փոխվել: Հայտնի է, որ չգրանցված աշխատակիցներ կային, և այլն: Պետք է հաշվի առնել, որ տնտեսության կառուցվածքը դեռևս ամբողջովին փոփոխված չէ, և, այնուհանդերձ, ողջ հարկունակ հատվածը մեծ տեսակարար կշիռ ունի:

Ապագայի համար, օրինակ, խաղատնային բիզնեսը կարելի է դիտարկել այդքան էլ ոչ հարկունակ հատված, դրանք նվազեցնելուն զուգահեռ՝ պետք է փորձենք մեծացնել այլ բնագավառների գրավչությունը: Զգուշավորությունը միշտ պետք է լինի, բայց համենայն դեպս առաջին կիսամյակում բավականին լավ միտումներ կան, հատկապես՝ վերամշակող արդյունաբերության կտրվածքով: Իհարկե, նաև ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված 2020 թ. հունվարի մեկից ՀՀ-ն արդեն այդքան գրավիչ չի լինի, և հարակից ոլորտները, որ այստեղից հավելյալ եկամուտներ են ստանում, որոշակի կզսպվեն:

– Ստվերի դեմ պայքարն ավարտվա՞ծ համարենք:

– Ոչ, չի կարելի ավարտված համարել, որովհետև այս առումով չափազանց կարևոր ցուցանիշ է հանդիսանում, թե միջին արդյունավետ դրույքաչափով որոշվող հարկահավաքման պոտենցիալի սահմանին ինչքան ես մոտեցել: Պետք է ասել, որ այս առումով մենք դեռևս որոշակիորեն հետ ենք այդ պոտենցիալ կետից: Հատկապես մարզերում համատարած ՀԴՄ չեն խփում: Ակնհայտ է, որ այդ առումով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման խնդիր կա:

– Բիզնեսի ապակենտրոնացման նպատակով նախկինում իշխանություններն արտոնություններ տրամադրեցին սահմանամերձ բիզնեսներին, բայց կարծես դա այնքան էլ չաշխատեց: Ի՞նչ է մտադիր անել ձեր իշխանությունն այս ուղղությամբ:

– Հարկային օրենսգրքի փոփոխություններով Երևանից դուրս գործող ընկերություններին, նույնիսկ առևտրի բնագավառում գործող, հնարավորություն է տրվել մինչև 24 մլն շրջանառություն ունեցողին, ըստ էության, միայն 5000 դրամ հայտարարագրված աշխատողի համար գումար են վճարում և կարողանում գործունեություն ծավալել, բայց այդ ապակենտրոնացման ազդեցության արդյունքն այս կիսամյակային տվյալներում դեռ չկա:

Բայց կարծում եմ, շատ բնագավառներում, սկսած զբոսաշրջությունից, մենք պետք է էլ ավելի գրավիչ դարձնենք ոչ միայն գրանցելը մարզում, այլ նաև մարզում գործունեություն ծավալելը, և այս առումով ես նույնպես՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, պատասխանատվություն եմ կրում էլ ավելի թիրախավորված պրոդուկտներ անելու համար, չնայած կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, բայց դրանք 2019-ի առաջին կիսամյակում ժամանակային լագով պայմանավորված չէին կարող արտացոլված լինել:

Տեսանյութեր

Լրահոս