«Պոբեդայի» հետ կապված խնդրի տնտեսական և քաղաքական երևացող ու գաղտնի շերտերը

Երեկ լուր տարածվեց, որ Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթերը դեպի Գյումրի: Այդ մասին գործակալությանը հայտնել էր ավիաընկերությունում իրենց աղբյուրը, որի անունը չի նշվում: Նրա խոսքով՝ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլցավորման հետ:

«Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ իրավիճակը շտկելու պահանջով: Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերլցավորման պրակտիկան: Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդան» կիրականացնի  նախատեսված բոլոր չվերթերը դեպի Գյումրի, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցվել է»,- ասել էր նա:

Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել էր, որ տոմսերի վաճառքը դադարեցվել է:

Ավելի ուշ այս առնչությամբ երկու հակասական հայտարարություններ տարածվեցին։

«Sputnik Արմենիայի» թղթակցի հետ զրույցում ընկերության հայկական ներկայացուցչությունում ասել էին, որ «Պոբեդա» ավիաընկերությունը չի դադարեցնի Մոսկվա-Գյումրի չվերթերի տոմսեր վաճառել ձմեռային ժամանակահատվածի համար։
Իսկ ահա ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան նույն գործակալության թղթակցին ասել էր, որ «չվերթերի հետ կապված խնդիրը չի լուծվել»։ Ավելին, նա նշել էր, որ ավիաընկերությունը ներկայացուցիչ չունի Գյումրիում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էլ Ելենա Սելիվանովան նշել էր, որ ««Պոբեդան» կդիտարկի տոմսերի վաճառքի վերսկսման հարցը միայն այն դեպքում, եթե օդանավակայանը հստակ միջոցներ ձեռնարկի, փոխհատուցվի վառելիքի թերի լիցքավորումը և ապագայում թերի լիցքավորումը բացառելու մասին երաշխիքներ տա։ Ցավոք, մենք դա դեռ չենք տեսնում»։ Նա նաև հավելել էր, որ վառելիքի թերլիցքավորումը լուրջ սպառնալիք է անվտանգության համար։

Հատկանշական է, որ ավիացիայի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող անձինք թերահավատ էին ներկայացված պատճառաբանության հարցում։

Մասնավորապես, վարչապետի՝ ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:

Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:

Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`

1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

2. Որոշել են՝ իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: Ու «պատահաբար» էդ ցանկությունը համընկավ «Արմենիա» ավիաընկերության դեպի Մոսկվա թռիչքները սկսելու հե՞տ:

3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:

Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին՝ քիչ ուշ:

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ:
Նախ` բացի նրանցից, ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Ւսկ իրենք բազմաթիվ շնորհակալագրեր են շռայլել «Շիրակ» օդանավակայանին սպասարկման որակի վերաբերյալ:
Հետո` նրանք Գյումրիում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:

Ա՛յ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը:
Էս իրավիճակը զգայուն ազդակ է մեր ընկերությունների մուտքը սեփական շուկա ապահովելու և նրանց պոբեդաների հետ մրցակցության անօրինական մեթոդներից պաշտպանելու համար:

Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա:

Հայաստանը պետք դառնա ավիացիոն փոխադրումներ կատարող ինքնաբավ երկիր: Եվ ոչ 5 կամ 10 տարի հետո:

Մեր շուկայի կարգավորման միակ գրավականը հայկական ավիաընկերություններն են»։

168.amՀակոբ Ճաղարյանին խնդրեց մեկնաբանել իր գրառումը։ Վերջինս շեշտեց, որ «Պոբեդան» պահանջներ է ներկայացրել Հայաստանին, սուբսիդիաներ է ուզում պոկել Երևանից։

««Պոբեդան» ուզում է Երևանից թռիչքներ կատարել, ուզում է մուտք գործել Երևանի շուկա։ Հայկական ավիաընկերությունը սկսել է Երևանից թռիչքներ կատարել դեպի Մոսկվա, իսկ դա նախ՝ մրցակցություն է ստեղծում Մոսկվա ուղղության վրա, և, բացի դրանից, խանգարում է Աերոֆլոտի տրանզիտին, որովհետև հայկական ընկերությունը տարանցիկ թռիչքներով գնացող հայկական ուղևորներին կարող է տալ ռուսական ուրիշ ընկերությունների՝ շարունակելու համար։ Եվ հետևաբար՝ նրան պետք է խանգարել «Զվարթնոցի» շուկայից թռիչքներ կատարել, որ ինքը կարողանա անպատիժ գործել, ոնց ցանկանում է։ Իրենց ձեռք չի տալիս հայկական կողմի առկայությունը Երևան-Մոսկվա ուղղությամբ»,- ասաց վարչապետի խորհրդականը։ Նա նշում է, որ իր այս հայտարարությամբ «Պոբեդան» հետապնդում է մի քանի նպատակ՝ սուբսիդիաներ, ավելի լավ պայմաններ և մուտք դեպի «Զվարթնոց» օդանավակայան։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս հայտարարությունը կապված է Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի այն հայտարարության հետ, թե նոր լոուքոսթերներ են մտնելու Հայաստան, և խոսքը մասնավորապես «Վիզ Էյր», «Ռյան Էյր» ավիաընկերությունների մասին է, Հակոբ Ճաղարյանն ասաց, որ  «Ռյան Էյրը» և մնացած լոուքոսթերները ռուսական ուղղություններով թռիչքներ չեն կարող կատարել, բայց չի բացառվում նաև այդ տարբերակը, սակայն ինքն այդ լոուքոսթերների գալուց դեռ տեղյակ չէ։

Կապ հաստատեցինք նաև հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք իրենք պատրաստ են մտնել շուկա, եթե «Պոբեդան», այնուամենայնիվ, դադարեցնի թռիչքները, և արդյո՞ք երբևէ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռչելիս ունեցել են թերլիցքավորման խնդիր։

«Այսքան ժամանակ մենք Գյումրիից թռել ենք, երբևէ նման խնդիր չի առաջացել։ Ես այդ հայտարարության իմաստը չեմ հասկանում։ Մենք ընդհանրապես նման խնդիր չենք ունեցել։ Դա աբսուրդ է»,- տարակուսեց ավիաընկերության տնօրենը։

Գառնիկ Պապիկյանը նշեց, որ իրենք սպասում են, և երբ «Պոբեդան» դադարեցնի թռիչքները, իրենք, անկասկած, նույն րոպեին պատրաստ են թռիչքներ իրականացնել։

168.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր են արդյոք խոչընդոտներ, Գառնիկ Պապիկյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ այսօր ժողովուրդն էլ, կառավարությունն էլ հասկանում է, որ «Պոբեդան» ինչ-որ խաղ է խաղում, որը մեզ սազական չէ։ Իրենց հայտարարությունը շատ հետաքրքիր քայլ էր, որով մեզ նախազգուշացնում էին, որ, Աստված մի արասցե, ցանկացած ժամանակ, երբ իրենց սրտով ինչ-որ բան չլինի, իրենք կհեռանան։ Սա է ամենասարսափելին։ Սա ահազանգ է, որ մեզ հետ իրենք ինչպես ուզենան, կվարվեն։ Սա արժանապատվության հարց է»։

Մեր հարցին, թե արդյո՞ք «Պոբեդան» պայմանագրային պարտավորություններ չունի և կարող է ցանկացած ժամանակ նման վերջնագիր ներկայացնել, «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրենն ասաց, որ թելադրողն իրենք են, պայմանագրային խնդիրներ չկան։

«Իրենք են թելադրողը, մենք չենք թելադրողը։ Ուժեղների մոտ միշտ էլ թույլերն են մեղավոր»,- ասաց Գառնիկ Պապիկյանը։

Նա նշում է, որ իրենք մինչև այսօր ապացուցում են, որ իրենց՝ շուկա մտնելը ճիշտ է, բայց այսօրվա դրությամբ՝ իրենց կառավարությունից որևէ առաջարկ չի եղել։

Ի դեպ, երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշերը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղիք չտալ:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել»։

Նմանատիպ մի հաղորդագրություն էլ Քաղավիացիայի պետական կոմիտեն էր հրապարակել, որում մասնավորապես նշել էր, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը:

«Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթերի չիրականացման մասին չի ստացել»,- գրված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

168.am-ը իրավիճակը հստակեցնելու համար գրավոր հարցեր է ուղարկել «Պոբեդա» ավիաընկերության մամլո քարտուղար Ելենա Սելիվանովային։ Մենք ցանկացել ենք իմանալ՝

1. Արդյո՞ք «Պոբեդան» սուբսիդիաներ է ցանկացել ստանալ Երևանից։

2. Մտադրություն ունի՞ արդյոք «Պոբեդան» թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։

3. Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ «Պոբեդան» բազմիցս շնորհակալական նամակներ է հղել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին՝ որակյալ սպասարկման համար։ Ինչի՞ համար է շնորհակալ եղել ավիաընկերությունը, եթե, ինչպես ինքն է նշում, մտադրություն ունի ձմեռային սեզոնին թռիչքները դադարեցնել վառելիքի թերլիցքավորման պատճառով։

4. Արդյո՞ք այս պահին հստակություն կա։ Կթռչի՞ արդյոք «Պոբեդան» ձմեռային սեզոնին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։

Ռուսական կողմի պատասխանը ստանալուն պես մենք կհրապարակենք նաև նրանց տեսակետը։

Ամեն դեպքում, «Պոբեդայի» հետ կապված պատմությունը միայն առաջին հայացքից է պարզ ու ընկալելի։ Իրականում, սակայն, այս պատմությունը կարող է բազմաթիվ ոչ տեսանելի շերտեր ունենալ, սկսած տնտեսականից՝ մինչև քաղաքական՝ ընդդեմ ռուսական ընկերության։

Ոլորտի մասնագետները նշում են, որ այս պատմությունը չէր առաջանա, եթե Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մտադրություն չունենար նոր լոուքոսթերներին բերել Երևան ու նրանց մտցնել երևանյան թռիչքային շուկա։ Նրանց կարծիքով՝ ողջ խնդիրն այն է, որ այդ մասին իմանալով՝ «Պոբեդան» պարզապես հարցապնդում է արել այն առումով, թե եթե նոր լոուքոսթերները Երևանից պետք է թռչեն, ուրեմն թող իրենց էլ էժան պայմաններ տային, իրենք էլ կթռչեին Երևանից, ինչո՞ւ են իրենց Գյումրի տարել։

Ինչպես նշում են ավիացիայի աշխարհում փորձ ունեցող անձինք, «Պոբեդայի»՝ Գյումրիից թռչելու ողջ իմաստն այն է եղել, որ Գյումրին զարգացնեն։ Այնինչ հիմա Տաթևիկ Ռևազյանը կարծես թե որոշել է նոր լոուքոսթերներին բերել Երևան, և հենց դրանից է առաջացել ողջ այս պատմությունը։

Տեսանյութեր

Լրահոս