«Փաստորեն ՀՔԾ-ն ստում է». Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ դեռևս նախորդ տարի է ասել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, և այն իրականացվում է  իշխանությունների և ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետպնդման քողի տակ։

«Այդ քրեական հետապնդման քողը գնալով մաշվում է, եթե չասենք, որ ամբողջովին մաշվել է և ուղղակի դարձել ծաղրուծանակի առարկա։ Առավել ևս վերջին իրադարձություների լույսի ներքո, երբ դադարեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հայտարարել է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար՝ վենդետա, որը չի տեղավորվում իրավական դաշտում, և այսօր վերահաստատում է իր խոսքերը։ Բացի այդ, նա նշել էր, որ Քոչարյանի գործը սարքած է և ապօրինի, ինչը որևէ առնչություն չունի «Մարտի 1»-ի գործի հետ, այսօր ևս դրանում համոզվել է։

«Մենք այն ժամանակ չգիտեինք, որ գաղտնալսումներ են հրապարակվելու, որտեղ բացահայտվելու է, որ այս ամենն ուղիղ քաղաքական հետապնդում է։ Մենք այն ժամանակ չէին կարող ենթադրել, որ ապօրինություններն այս աստիճանի են հասնելու։ Համոզված էինք նաև, որ Քոչարյանին կալանքի տակ պահելը լուրջ հարված է հասցնելու երկրի վարկանիշին, ցավոք, այսօր դա արձանագրում ենք։

Ի դեպ, «Մարտի 1»-ը բացահայտված չէ, ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, ո՞ւր են «Մարտի 1»-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները»,- շեշտեց Վ. Սողոմոնյանը։

Նա նաև հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի իր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել և հարցրել, թե ՀՔԾ-ն ստո՞ւմ է. «Փաստորեն, այսպես է ստացվում, որ ՀՔԾ-ն ստում է»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս