Ինչպես պետք է Հայաստանը չեզոքացնի Ադրբեջանին տրված ամերիկյան ռազմական աջակցության հնարավոր վտանգները

Այս տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էականորեն մեծացրել է Ադրբեջանին անվտանգության աջակցության նպատակով ցուցաբերվող օգնությունը։  ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում, 2018-2019թթ. ֆինանսական տարվա ընթացքում Ադրբեջանը Միացյալ Նահանգներից կստանա ավելի քան 100 միլիոն դոլար՝ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանն արդեն ստացել է 58.6 մլն դոլար, իսկ 2019թ. ֆինանսական տարվա համար նախատեսված է 42.9 մլն դոլար՝ այն դեպքում, երբ նախորդող տարիների ընթացքում այդ օգնությունը միջինում եղել է 3 միլիոն դոլար։

Հարկ է նշել, որ 2018 թվականին Հայաստանը ստացել է 4,2 միլիոն դոլար ամերիկյան ռազմական օգնություն, իսկ 2019թ. համար նախատեսված է 2,8 միլիոն դոլար և 2020-ի համար՝ 2,1 միլիոն դոլար: Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին և Ադրբեջանին հատկացված ամերիկյան ռազմական բյուջեների տարբերությունը չի վրիպել՝ ինչպես ամերիկաբնակ հայ, այնպես էլ՝ տեղացի փորձագետների ուշադրությունից՝ հաշվի առնելով չկարգավորված ԼՂ հակամարտության առկայության փաստը և ռազմական օգնության հնարավոր կիրառման վտանգը նաև ԼՂ հակամարտության գոտում։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը բացատրեց, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական աջակցության շեշտակի աճը, և ինչ մարտահրավերներ ու սպառնալիքներ այն կարող է ստեղծել տարածաշրջանում։

Նա նշեց, որ միանշանակ այս ամենը կապ ունի տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդման ցանկության հետ, որի գլխավոր թիրախն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ սրված հարաբերություններն են և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նա ևս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում երբեք նման ծավալների աջակցության մասին խոսք չի եղել։ Ըստ նրա՝ այդ միջոցները հիմնականում նախատեսված են Կասպից ծովում հարավային սահմանի անվտանգության ամրապնդման համար։

«ԱՄՆ-ը այստեղ փորձում է ընդլայնել իր ներկայությունը, ազդեցությունը, քանի որ Իրանը Կասպիցում ևս սահման ունի։ Բացի կոնկրետ սրանից, ԱՄՆ-ը ու Ադրբեջանը համագործակցում են ռազմական ոլորտում և ակտիվորեն են համագործակցում:  Տարածաշրջանում այս պահին այս ոլորտում ամենասերտ համագործակցությունն Ադրբեջանի հետ է, բնականաբար, դա ԱՄՆ տարածաշրջանային շահերի տիրույթում է, և ԱՄՆ-ը սրանով մի շարք այլ խնդիրների վրա կունենա ազդեցություն ապագայում»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, բնականաբար, կան սպառնալիքներ նման ծավալի համագործակցության դեպքում, քանի որ չկան երաշխիքներ, թե այդ միջոցներն ինչպես և երբ կարող են կիրառվել ԼՂ հակամարտության գոտում, թեև դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Միացյալ Նահանգները Ադրբեջանին տրամադրում է որոշակի ոլորտում որոշակի աշխատանք իրականացնելու համար, հստակ կերպով։ Նա արձանագրեց, որ հայկական կողմն իր ուշադրության տակ է պահել նաև ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքները, որոնցում փոփոխություն եղավ ապրիլյան ռազմական գործողություններից հետո։

«Ռազմական գործարքների արդյունքում ստացված սպառազինության կիրառումը վերահսկելը բարդ է գործարքի կայացումից հետո, ուստի պետք է դրանից առաջ հաշվի առնվեն բոլոր ռիսկերը, հաշվի առնվեն հակամարտության առկայությունը և դրանում համանախագահությունը։ Ես դա ասել եմ Ռուսաստանի պարագայում ևս, չնայած այն դեպքում խոսքը վաճառքի մասին էր, այս դեպքում՝ աջակցության։

Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը դաս եղավ համանախագահ երկրների համար, որոնք ամենևին չէին ցանկանում ռազմական սցենարի զարգացում ԼՂ հակամարտության գոտում։ Ըստ իս՝ ԱՄՆ-ին ևս հարկավոր չէ հավելյալ լարվածություն այս տարածաշրջանում, հատկապես Ղարաբաղյան հակամարտության գոտում, և այդ աջակցությունը հիմնականում ուղղված է Կասպիցի ավազանին: Կարծում եմ՝ ամերիկյան կողմը հետամուտ կլինի, որպեսզի դա չառաջացնի հավելյալ լարվածություն ու վտանգներ, քանի որ իրականում այն ուղղված է այլ խնդիրների մենեջմենթին Նահանգների կողմից»,- ասաց Եվսեևը։

Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ հայկական կողմն այս իրավիճակում, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, պետք է հնարավորինս բալանսավորի իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները և Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները։

«Դրա նշույլները երևում են, բայց դեռ առարկայական չեն։ Ադրբեջանն ընթանում է ավելի բազմավեկտոր քաղաքականության ուղղությամբ։ Նահանգների հետ ավելի բարձր մակարդակի և սերտ քաղաքականությունն ինչ-որ կերպ կչեզոքացնի այն վտանգները, որոնք կարող են ենթադրաբար լինել այս համագործակցությունից։ Այս ոլորտում ՀՀ-ԱՄՆ կամ ՀՀ-Արևմուտք սերտ համագործակցությունը որոշակիորեն սահմանափակված է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամակցությունը և Ռուսաստանի շահերը, ՌԴ-ԱՄՆ հակամարտային տրամադրությունները։

Դրանք որոշակի խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար, ինչպիսին Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունն է, որն Արևմուտքում միանշանակ չընդունվեց։ Սակայն արտաքին քաղաքականության հավասարակշռման կոնտեքստում նման քայլերը պետք է դիտարկման երկար փուլ անցնեն, քանի որ ունենում են հետևանքներ։ Բայց ես այն համոզմանն եմ, որ ավելի հավասարակշռված քաղաքականության ռեսուրս կա նույնիսկ ՀԱՊԿ անդամակցության պարագայում, քանի որ ՀԱՊԿ-ը միատարր կառույց չէ, և ժամանակ առ ժամանակ այնտեղ խնդիրներ են «պայթում»»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս