Բաժիններ՝

Էլի ամառ, էլի Սևան

Իմ սերնդի կյանքն անցավ Սևանի մասին լոզունգների տակ։ 60-ական թվականներին Սևանն իր խնդիրներով ամենուր էր՝ դասագրքերում, թերթերում ու հեռուստառադիո եթերում։ Հայաստանի բոլոր ճանապարհներին, բոլոր խողովակաշարերին (թե ոռոգման ջրի, թե գազամուղ) նույն տեքստն էր՝ «Որ թեթևանա հոգսը Սևանի»։ Խորհրդային իշխանությունները նախ որոշել էին ցամաքեցնել Սևանը, ապա փոշմանել ու Արփա-Սևան թունելն էին կառուցում։ Այն պիտի շահագործման հանձնվեր նախ 1967թ։ Հետո՝ հետաձգվեց։ Հաջորդ ժամկետը 1969-ն էր, մյուսը՝1971-ը։ Ապա իշխանությունները խոհեմաբար նոր ժամկետ չհայտարարեցին։ Փոխարենը՝ երկրով մեկ ավելանում էին «Որ թեթևանա հոգսը Սևանի» պլակատ-պաստառները։ Թունելն ի վերջո շահագործման հանձնվեց 1981թ.-ին։ Մի քանի տարի բոլորը թոթափեցին Սևանի հոգսը։ Լավատեսներն իրենց երազներում թերակղզին նորից կղզի էին տեսնում։ Նրանց թվում էր, որ կգա նաև սևանափրկիչ հերթական ծրագրով լճում հայտնված սիգ ձկան վերջը, և նորից հայ ընտանիքի տոնական սեղանի զարդը կդառնա Սևանի իշխանը՝ իր չորս տեսակներով։ Բայց պարզվեց, որ Արփայի ջուրը բավարար չէ լճի անկումը կանխելու համար։ Ու հայտնվեց նոր՝ Որոտան-Արփա ծրագիրը։ Այս երկրորդ հերթի շինարարությունն ավարտվեց արդեն անկախ Հայաստանում՝ 2004 թվականին։ Բայց լճի վիճակը չէր բարելավվում։ Նախ էներգետիկ ճգնաժամի տարիներին Սևան-Հրազդան կասկադն անմնացորդ «նվիրվել» էր էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործին։ Հետո լճի վրա դրվեց հայրենի գյուղատնտեսությունը ոտքի հանելու բարձր պարտավորությունը։ Այդ ընթացքում Արարատյան դաշտավայրում նոր բիզնես էր սկսվել։ Հայաստանը դարձել էր ձուկ արտահանող երկիր (երկու անգամից ավելի մեծ արժեքով, քան՝ գինի)։ Լճին չփրկեց այն, որ 2001թ. հատուկ օրենք էր ընդունվել հենց «ՀՀ օրենք Սևանա լճի մասին» անունով։ Հետո նույնիսկ երկրորդ օրենքն ընդունվեց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» երկար անունով։ Հետո օրենքները, բնականաբար, լրացումներ ունեցան։

Լճի ճակատագրով մտահոգ պատգամավորները տարբեր տարիներին կարճ անունով օրենքի երկու լրացում ընդունեցին, իսկ երկար անունովին՝ վեց։ Բայց լճի վիճակը շարունակում էր վատանալ։ Սևանը սկսեց ծաղկել։ Տարին երկու անգամ։ Ամառային ծաղկումը համընկնում էր (և՝ է) արձակուրդային շրջանի հետ՝ երբ հասարակական-քաղաքական կյանքը դադարի մեջ է։ Մամուլը գրելու թեմա քիչ ունի։ Հետևաբար՝ ամեն տարի այս օրերին նույն քննարկումներն են։ Բոլորս լսում ենք նույն թվերը։ Պարզվում է՝ Որոտան-Արփա-Սևան թունելով լիճը տարեկան պիտի 170 մլն խմ ջուր ստանար։ Նախորդ՝ ճգնաժամային ու անխիղճ տարիներին լճից տարեկան 170-200 մլն խմ ջուր է  բաց թողնվել։ Իսկ վերջին տարիներին՝ 140 մլն։ Բնապահպաններն «անիծելով» բոլորին՝ գործադիր իշխանությունից մինչև Սևանի հարցերով ստեղծված հատուկ հանձնաժողով, պնդում են, որ ջրի բացթողնման տարեկան նորման չպիտի գերազանցի 55 մլն խմ-ն։ Հետո կրկին ու կրկին խոսում են այն մասին, որ Սևանա լճի շուրջ կոլեկտոր չկա, որ բոլոր բնակավայրերի կոյուղիները թափվում են լիճ, որ լճի ջրերի բարձրացումը սպասված դրական արդյունքը չտվեց։ Ամեն տարի մանրամասնում են, որ այգիներն ու շինությունները մնացին բարձրացած ջրերի տակ։ Փոքր քանակ չէ՝ տարբեր տարիներին կառուցված 300 շինություններ իրենց գետնափոր զուգարաններով մնացել են ջրի տակ։ Ամառային քննարկումները, որպես կանոն, կազմակերպվում են ոչ այն է՝ աշխատող, ոչ այն է՝ վաստակած արձակուրդը վայելող խորհրդարանում։ Քննարկումներին մասնակցում են համապատասխան հասարակական կազմակերպությունները։ Ամեն տարի իշխանությունները կիսաբերան ասում են, որ լճում լողալը վտանգավոր է (չգիտես ինչո՞ւ՝ «լողալ» բառի փոխարեն՝ օգտագործելով «լողանալ» բառը)։ Վերջին երկու տարին տեղացիները փակում են մայրուղին՝ պահանջելով, որ իշխանությունները հակառակը հայտարարեն։ Փակում ու հասնում են իրենց նպատակին՝ մեկ-երկու պաշտոնյա հրապարակավ լողում է լճում ու ջուր խմում, հետո վերադառնում մայրաքաղաք, ուր նրան բացատրում են, որ Սևանա լճի ջուրը լողալու համար է, ոչ թե խմելու։ Ու վերջ։

Տարվա ընթացքում լիճը երկրորդ անգամ ծաղկում է աշնանը։ Բայց աշունը մեր երկրում ամեն տարի թեժ է։ Քաղաքական իմաստով, իհարկե։ Ու երկրորդ ծաղկումը ոչ պատգամավորներն են «նկատում», ոչ հասարակական կազմակերպությունները, ոչ գիտնական մասնագետները։ Հրապարակավ չեն նկատում։ Մինչև հաջորդ ամառ։

Անցած տարի ընկերոջս հետ ձկնորսական նավակով լողում էինք լճում։ Ծաղկման սեզոնից հետո էր՝ լճի ջուրը պարզ էր։ Դժվար է նկարագրել, թե կենցաղային որքան աղբ կար լճի հատակին՝ պլաստմասսե շշերից ու տոպրակներից՝ մինչև անհավանական իրեր։ Լճի հատակին ծխախոտի այնքան տուփ ու ֆիլտր կար, որ կարելի էր ենթադրել, թե մայրաքաղաքի փոքր կենտրոնի սրճարանների մոխրամանները դատարկում են դեպի Գավառ տանող ճամփաբաժնից ուղիղ լճի մեջ։ Բայց դա մենք չենք անում, այլ ինչ-որ այլմոլորակայիններ։ Մենք բոլորս օր ու գիշեր տապակվում ենք Սևանի հոգսերով։ Չե՞ք հավատում՝ հետևեք խորհրդարանական քննարկումներին, մինչև արձակուրդ դրանք բուռն են լինելու։ Բուռն ու անհետևանք։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս