Բաժիններ՝

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով «երկարաձգում է սպանդը և վնասում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին»։

Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է իր Truth Social սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը։ Այստեղ խոսելու բան չկա»։ Այս հայտարարությունը շատ վնաս է հասցնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, քանի որ Ղրիմը կորել է շատ տարիներ առաջ նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի օժանդակությամբ և նույնիսկ քննարկման առարկա չէ։

Զելենսկիին ոչ ոք չի խնդրում, որ Ղրիմը ճանաչի որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի։ Նախքան լիազորությունների հանձնումը Օբամային, այս շրջանում երկար տարիներ նաև ռուսական սուզանավերի խոշոր ռազմաբազաներ են տեղակայվել»,-նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Վոլոդիմիր Զելենսկու նման հայտարարությունների պատճառով Ռուսաստանի հետ պատերազմն այդքան դժվար է կարգավորվում։

«Նա պարծենալու բան չունի։ Ուկրաինայի համար իրավիճակը բարդ է. նա կարող է խաղաղություն ունենալ կամ կարող է պայքարել ևս երեք տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը։

Ես Ռուսաստանի հետ ոչ մի առնչություն չունեմ, բայց շատ առնչություն ունեմ շաբաթական միջինը հինգ հազար ռուսաստանցի և ուկրաինացի զինվորների փրկելու ցանկությանը, որոնք առանց պատճառի են մահանում։ Զելենսկու այսօրվա հայտարարությունը կհանգեցնի ոչ այլ ինչի, քան «սպանդի» երկարաձգման, իսկ դա ոչ ոք դա չի ուզում։

Մենք շատ մոտ ենք գործարք կնքելուն, բայց այն մարդը, որը «խաղաթղթեր չունի», վերջապես պետք է գնա այդ քայլին: Ես անհամբեր սպասում եմ՝ օգնելու Ուկրաինային և Ռուսաստանին դուրս գալ այս լիակատար խառնաշփոթից, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ»,-գրել է Թրամփը։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չի ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս