ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է երկիր ներկրվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են հասցվել մինչև 50-65 տոկոսի: Նշվում է, որ քննարկումները շարունակվում են, ընդ որում՝ քննարկվում է միանգամից մի քանի տարբերակ: Նախագահ Թրամփը դրանց վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Քննարկվող տարբերակներից է մաքսատուրքերի բազմաստիճան սանդղակի ներդրումը. 35 տոկոս՝ այն ապրանքների ներմուծման համար, որոնք չեն սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը և առնվազն 100 տոկոս՝ ռազմավարական կարևորության ապրանքների համար:

Թրամփը ավելի վաղ խոստովանել էր, որ չինական ապրանքների նկատմամբ իր սահմանած 145% մաքսատուրքը չափազանց բարձր է: Նա խոստացել էր Պեկինի հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո զգալիորեն նվազեցնել դրանք։

Չինաստանը նույնպես հայտնել է ԱՄՆ հետ առևտրային բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, սակայն նախազգուշացրել է, որ Սպիտակ տան հնչեցրած ​​սպառնալիքների պայմաններում դրանք անհնարին են:

Տեսանյութեր

Լրահոս