
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իշխանությունը մի կողմ է դրել, այն պարզապես դառնում է հիշատակի օր, և վերջ. Մհեր Աբրահամյան

Վաղը՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Տարիներ շարունակ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առաջմղումը, որպեսզի այն դատապարտվի աշխարհի կողմից։
1965 թվականին Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչեց Ուրուգվայը, այնուհետև ճանաչեցին ու դատապարտեցին մի քանի տասնյակ պետություններ, միջազգային մի քանի խոշոր կազմակերպություններ։
2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու նպատակով, դեռևս 2011 թվականին ստեղծվել էր պետական հանձնաժողով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, տարբեր երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ էին ժամանել Հայաստան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու անմար կրակի մոտ՝ դատապարտելով ցեղասպանությունները։
2018 թվականից հետո ՀՀ-ում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ գրեթե որևէ մասշտաբային միջոցառում չի անցկացվում՝ ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը։
Նախորդ տարի հոկտեմբերին էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթություններից չէ։
Նույն միտքն այս տարի թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում կրկնել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը, խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի և այդ ուղղությամբ ՀՀ օրվա իշխանությունների վարվող քաղաքականության մասին, ասաց՝ Հայոց ցեղասպանության միջազգային մեծ դատապարտման ու ճանաչման փուլը եղել է մինչև 2022 թվականը, երբ ՀՀ դիվանագիտությունը ռեալ զբաղվում էր այդ հարցով, իսկ դրանից հետո այն մնացել է՝ միայն որպես հիշատակի օր։
«Հայաստանը, մինչ այս իշխանությունները, աշխատանքներ էր իրականացնում, որպեսզի տարբեր պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, նաև որպեսզի այն կարևոր գործիք լինի պայքարելու ՀՀ անվտանգության համար։
Այդ գործիքն այսօրվա իշխանությունների կողմից հիմա մի կողմ է դրվել, և թուրքական պայմանները կարծես թե բոլորը կատարում են։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ թե դիվանագիտությունում հարցն առաջ մղելու գործիք է, այլ պարզապես դառնում է հիշատակի ինչ-որ օր, և վերջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։
Նշենք, որ 1965 թվականից սկսած, ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերից շատերը գալիս են Հայաստան՝ գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված անմեղ զոհերի հիշատակին։
2015 թվականի ապրիլի 23-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվեցին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան 1,5 մլն մարդ։