Ադրբեջանը և Չինաստանը համատեղ պայքարելու են ադրբեջանական կողմին անհանգստացնող «չարիքների» դեմ, բանակցում են ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկություններ ստեղծելու շուրջ

Պեկինում Ադրբեջանի և Չինաստանի ղեկավարները ստորագրել են «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին», այն անդրադառնում է Բաքվի և Պեկինի միջև բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության և գործողությունների համակարգման խորացմանը:

Նշենք, որ 2024 թվականի հուլիսին 168.amգրել էր, որ Աստանայում Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համագործակցություն ստեղծելու մասին հռչակագիր էր ընդունվել, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ «կողմերն աջակցելու են միմյանց՝ լուծելու անվտանգության, երկու երկրների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների անխափան աշխատանքի ապահովման հարցերը, ստեղծելու են բարենպաստ պայմաններ տարանցիկ փոխադրումների համար՝ ազգային օրենսդրության և երկկողմ համաձայնագրերի շրջանակում»:

Այդ ժամանակ ադրբեջանական վերլուծաբաններն ակնարկել էին, թե Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ Չինաստանն իր հաշվարկներն ունի, օրինակ, այն, որ Ադրբեջանը կարող է միջնորդ հանդիսանալ Չինաստանի և Թուրքիայի հետաքրքրությունների միջև, հատկապես, երբ նրանց հարաբերություններն իբր բավականին բարդ են: Այսինքն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի՝ Չինաստանի և Թուրքիայի միջև հատուկ խնդիրներ կարծես թե չկան, բայց միևնույն ժամանակ՝ «ստորգետնյա քարեր» կան, որոնք միանգամից չես նկատի:

«Այսինքն, ինչպես Իրանի և Չինաստանի դեպքում է, երբ առկա է ռազմավարական համագործակցություն, համապարփակ պայմանագիր՝ տպավորիչ թվերով, բայց գործերն առաջ չեն գնում»,- գրել էր «Հաքքինազի» հոդվածագիրը:

Կարդացեք նաև

Հնարավոր է, որ այս դիտարկումն ինչ-որ ժամանակ համապատասխանել կամ այսօր էլ համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Չինաստանն ու Իրանը ստորագրել էին 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը, իսկ Չինաստանի և Իրանի ղեկավարություններն այսօրվա դրությամբ կարծում են, որ երկու երկրները պետք է ուժեղացնեն համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ նպաստելու Չինաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կայուն և երկարաժամկետ զարգացմանը:

Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի մասին խոսվել էր դեռ 2016-ին:

Վերադառնալով «Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությանը՝ նշենք, որ այստեղ ևս չեն անտեսվել անվտանգային հարցերը:

«Կողմերն ընդգծել են, որ տեռորիզմը, սեպարատիզմը և էքստրեմիզմը լուրջ սպառնալիք են ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը, և կարևոր է կանխել այդ չարիքը և հակազդել դրան»,- մասնավորապես նշվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, ինչն ադրբեջանական կողմը ոգևորությամբ է ընդունել:

Բայց անվտանգային տրամաբանության մեջ Ադրբեջանի համար կարևոր ձևակերպումներն այսքանով չեն ավարտվում, և Ադրբեջանը և Չինաստանն ընդգծել են միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունն ականազերծման բնագավառում, ավելին, Ադրբեջանը բարձր է գնահատել Չինաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ականազերծման գործընթացում նյութատեխնիկական աջակցությունը:

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև երկխոսություն կա նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցելու շուրջ, ինչն Ալիևը համարում է հեռանկարային, հատկապես, երբ երկիրը լայն թափով արդիականացնում է զինանոցը:

«Իհարկե, մեզ համար հետաքրքրություն կարող է ներկայացնել ոչ միայն համատեղ արտադրությունը, այլև սպառազինության մատակարարումների աշխարհագրության դիվերսիֆիկացիան»,- Բաքվում կայացած «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ժամանակ ասել է Ալիևը:

Իհարկե, Հայաստանը ևս Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալու բազա և ներուժ ունի, այդ թվում՝ պաշտպանության համագործակցության առումով:

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Չինաստան, իր չինացի պաշտոնակցի հետ քննարկել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու հարցը, ներառյալ՝ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։ Չի բացառվում, որ կուլիսային հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ, օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ էր ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ:

Եվ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլիոն չինական յուանի (շուրջ 823 հազար ԱՄՆ դոլար) չափով:

Տեսանյութեր

Լրահոս