
Ցեղասպանությունը ժխտող ՅԱՆ ազգանունով ամեն մի հայ սպասարկում է Թուրքիայի՝ ապագա Ցեղասպանության նախագիծը. Արման Աբովյան
«Հայոց ցեղասպանության հիշատակը Հայաստանի անվտանգային ճարտարապետության բաղադրիչներից մեկն է՝ հայոց պահանջատիրության տրամաբանության ներքո,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը՝ ընդգծելով,- Խնդիրը նրանում է, որ այդ անվտանգային կարևոր բաղադրիչը չընկալող թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկողներն ասում են, թե Ցեղասպանության հիշատակը վտանգներ է գեներացնում, ինչը բացարձակ սուտ է»։
Նրա խոսքով՝ չկա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորություն, երբ հարաբերություններ հաստատող երկրների միջև չկա բալանս, ինչը չկա կոնկրետ Հայաստանի և Թուրքիայի դեպքում, ավելին՝ Թուրքիան, հրաժարվելով ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, հայերից պահանջում է լեգիտիմացնել Ցեղասպանության փաստը՝ ապագա ոճրագործությունների արդարացման համար։
«Կապ չունի, թե ով է այդ թեզն առաջարկում՝ թո՞ւրքը, թե՞ յան ազգանունով մարդը. եթե դրվում է պահանջ մոռանալ Հայոց ցեղասպանությունը և ոճրագործից չպահանջել դա ընդունել, ուրեմն այդ մարդը կա՛մ հոգեկան լուրջ խնդիր ունի, կա՛մ սպասարկում է Թուրքիայի ապագա հայասպան նախագիծը. նախագիծ, որը Թուրքիան չի դադարել իրականացնել»,- ասաց Արման Աբովյանը։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ դեմ կարծիքներ արտահայտող ՀՀ իշխանությանը, ապա Արման Աբովյանն ընդգծեց՝ գուցե կան մարդիկ, որոնք հավատում են, թե թուրքի առաջ վիզ կարող են ծռել ու չցեղասպանվել, բայց պարզվում է, որ կան նաև մարդիկ, որոնք ցեղասպանության քրեականացմանը դեմ են, հետևապես, այդ մարդիկ Հայաստանի անվտանգային համակարգը դիտարկում են հենց այդ նույն Թուրքիայի հովանոցի ներքո։
«Ամեն 30 տարին մեկ նման արհավիրք է գալիս մեր գլխին, մենք, միևնույն է՝ իրականությունը չենք ընդունում, չենք ընդունում, որ Թուրքիան Հայաստանը դիտարկում է՝ որպես վերանալու ենթակա օբյեկտ։ Ի՞նչ է անում ի պատասխան այս ամենի ՀՀ այս իշխանությունը, Հայաստանին պարզապես զրկում է նվազագույնը գոնե իրավականորեն դիմադրել Թուրքիային։ Նոր Սահմանադրությունն առանց Անկախության հռչակագրի հղման հենց դա է նշանակում։ Կրկնում եմ՝ Ցեղասպանությունը ժխտող յան ազգանունով ամեն մի հայ սպասարկում է Թուրքիայի՝ ապագա Ցեղասպանության նախագիծը»,- ասաց Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։